ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն
այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության
ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետև խնդրո առարկա
փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա»: Վերջում հավելել է,
որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պիտի դիրքավորվի այս իրավիճակի նկատմամբ, ինչից հետո
կիրականացվի հարցի հետագա պարզաբանում։
Թեմայի վերաբերյալ տեսակապի միջոցով
զրուցել ենք Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր, անձնական քարտուղար Խորեն վարդապետ Հովհաննիսյանի
հետ։
Նա նշեց՝ ուրախ է, որ վարչապետն
անդրադարձ է կատարել այս խնդրին, իրոք այդ խնդիրը կա մեր եկեղեցում։
«Ես պնդում, վերահաստատում եմ,
որ Գարեգին Կտրիճ Ներսիսյանը զավակներ ունի մեկից ավելի կանանցից, և պնդում եմ, որ
իր վերջին զավակը ծնվել է տարիներ առաջ՝ Միացյալ Նահանգներում։ Եվ սա ուղղակի 25-ամյա
աբեղայի սայթաքում չէ, նա հասուն տղամարդ էր և կաթողիկոս, երբ ծնվեց նրա վերջին զավակը։
Ողջունելի է, որ մեր իշխանությունները վերջապես հասան Սուրբ Էջմիածնին, հասան Սուրբ
Գրիգոր Լուսավորչի գահը ուզուրպացրած այս հրեշին, և ժամանակն է, որ մեր սրբության սրբոց
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մաքրենք այս երկու հրեշ, ԿԳԲ-ի գործակալ, չեկիստ Ներսիսյան
եղբայրներից՝ Գարեգինից և Եզրասից։ Նրանք շնացող, պոռնկացող մարդիկ են, փաստերը լեցուն
են, վկայությունները՝ անսահման, բայց անշուշտ այդ կուսակրոնության նուրբ հարցը կա,
որ պետք է քննել հոգեբանների, աստվածաբանների, եկեղեցականների լուրջ հանձնախմբի միջոցով»,-
ասաց Խորեն վարդապետը։
Նա նաև նշեց, որ այս բարոյական
հարցից առավել շատ կարևոր է, որ կաթողիկոսի գահին բազմած անձն ուղղակի դավաճան է, օտարերկրյա
գործակալ։ Մեր զրուցակիցը նաև ասաց, որ նախկինում փաստեր բերել է և ասել, որ շատ բացահայտումներ,
որ արել է, անում է և պիտի անի, իր հետ պետք է գերեզման տաներ, եթե այս անպատկառ Գարեգին
Կտրիճը ձեռք չբարձրացներ Հայաստանի Հանրապետության վրա։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան