«Հանուն Հանրապետության» կուսակցության
փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Հայաստանում այլ պետությունների
կողմից հետախուզադիվերսիոն գործունեությունը կարող է իրականացվել եկեղեցականների միջոցով:
«Նրանց վերածել են ազդեցության գործակալների, տեղական պրոքսիների՝ օգտվելով նրանց
բարոյական խոցելիությունից, ինչը ԿԳԲ-ն տասնամյակներով կիրառել է այլ պետությունների
պետական գործիչների, արվեստի ներկայացուցիչների նկատմամբ՝ հավաքագրելու համար։ Վարչապետն ասում է՝ բարեվարքության հարցը պետական
անվտանգության հարց է, հենց սրա համար է պետական անվտանգության հարցը։ Դուք եք օրենքը
սահմանել, որ պետք է ինչ-որ աստիճանից սկսած լինի կուսակրոնություն, հետո համատարած
խախտում եք, դրանից օգտվում են հատուկ ծառայությունները՝ ձեզ շանտաժի ենթարկելով ու
սարքելով «ղազ»։ Կներեք, սա արդեն անհանդուրժելի է»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց
նա։
Մեհրաբյանի դիտարկմամբ՝ այլանդակություններն այլևս հանդուրժել
չի կարելի. «Երբ այդ այլանդակությունների քննադատությունները կոչում եք հակաեկեղեցական,
միակ պատասխանը հետևյալն է՝ դուք եք հակաեկեղեցական ձեր հակաքրիստոնեական էությամբ,
գործունեությամբ, վարքով, բարքով ու խոսքով։ Հետո մի զարմացեք, որ ձեր այիբները երեսով
են տալիս և շարունակելու են տալ, որովհետև մարդ չեք»,- նկատեց նա։
Քաղաքագետը համարում է, որ այս խոսակցությունը կարող էր արագ
սպառվել, երբ գործեր օրենք. «Բոլոր այն եկեղեցականները, որոնք անում են քաղաքական հայտարարություններ,
քաղաքական դիրքորոշումներ են արտահայտում հոգևորականի հագուստը կրած, պետք է պատժվեն։
Սահմանադրության խախտման համար ի՞նչ է հասնում, իրավապահ մարմինները պետք է այդ մարդկանց
հրավիրեն ու բացատրեն պատասխանատվության աստիճանը, դրա մասին լինի հրապարակային հաղորդագրություն,
նախազգուշացում, որից հետո՝ քրեական վարույթ»։
Մայր Աթոռի հայտարարությունն, ըստ մեր զրուցակցի, հետևյալի մասին
է. «Ինչ անում ենք, լավ ենք անում։ Նրանք այս կազմով որևէ հետևություններ անելու ի
վիճակի չեն, պետք է լինի հասարակական ճնշում, որովհետև եկեղեցին մենք ենք՝ Հայ առաքելական
եկեղեցու հետևորդներս, իսկ իրենք սպասավորներ են: Այնպես, ինչպես պետությունն ենք մենք,
իսկ իշխանությունը ժամանավոր ընտրված, մեր հարկերից վարձատրվող պետության սպասավորներն
են։ Այո՛, մենք ենք հետայսու այս հարցում վճռորոշ ձայնի իրավունք ունենալու»,-եզրափակեց
նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան