«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ
Քոչարյանը, անդրադառնալով «Հոկտեմբերի
27»-ի վերաբերյալ դաշնակցական գործիչ Հրանտ Մարգարյանի գնահատականներին, ասաց՝ սա իշխանությունների
հետ պայքար մղելու ձևաչափ է տալիս՝ այնպես, ինչպես արվեց նաև 2020-ի նոյեմբերի 9-ի
գիշերը։
«Կար համակարգ, որը մեկ հպումով
ակտիվացավ։ Չմոռանանք, որ Նաիրի Հունանյանը երկու զանգ է կատարել՝ մեկը Հրանտ Մարգարյանին,
մյուսը՝ Ժիրայր Սեֆիլյանին։ Բոլորը դաշնակցականներ են։ Զանգել է նրանց, որովհետև, հավանաբար,
նրանց է ավելի լավ ճանաչել», - ասաց Քոչարյանը։
Պատգամավորը նկատեց, որ մինչև
Հոկտեմբերի 27-ն էլ, ինչպես հիմա, անընդհատ, տարբեր եղանակներով տարածում էին, թե ամեն
ինչ շատ վատ է, ու ակնկալում էին «պոռթկում»։
«27-ի բացահայտված չլինելը տալիս
է Հրանտ Մարգարյանին և էլի շատ շատերին մտածել այդ կերպ լուծել իշխանության հարցը։
Սա անտեսել չի կարելի։ Պարոն Մարգարյանի հարցազրույցում վտանգ ներկայացնող որևէ դրվագ
անտեսել չի կարելի»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Վերջինս նաև հռետորական հարց
է հնչեցնում՝ ո՞ւմ էր ձեռնտու գործի արագացված քննությունը, որպեսզի կարևորագույն,
առանցքային վկաներ չհարցաքննվեն։ Իսկ ավելի ուշ առանցքային վկաներից շատերը մահացան
կամ զոհվեցին տարբեր հանգամանքներում, այդ թվում՝ որոշները սպանվեցին։
Քոչարյանը, հիշեցնելով Վազգեն
Մանուկյանի կողմից Նաիրի Հունանյանի ու խմբի քայլերը ռոմանտիկների գործողություններ
որակելը, նկատեց, որ Մանուկյանը իշխանության գալու ճանապարհը տեսնում է ցանկացած եղանակով,
այդ թվում՝ հակասահմանադրական՝ «պոռթկումներ», «ռոմանտիզմի դրսևորումներ»։
Պատգամավորը հիշեցրեց նաև, որ
նախաքննությամբ փաստեր են ձեռք բերվել, որ Նաիրի Հունանյանը քաղաքական կոնսուլտացիաներ
է ունեցել տարբեր ուժերի ու լիդերների հետ. «Նաև, երբ Հունանյանն ու խմբի անդամները
արդեն ձերբակալված էին, նրանց շատ այցելողներ կային։ Օրինակ՝ կար մի քաղաքական գործիչ,
որն անընդհատ այցելում էր Նաիրի Հունանյանին»։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան