«Խաղաղության երկխոսություն»
ՀԿ նախագահ, իրավապաշտպան Էդգար Խաչատրյանի
կարծիքով՝ կարևոր է պահպանել սահմանադրական դրույթները, և եկեղեցին ու պետությունը
չխառնվեն միմյանց գործերին: «Մյուս կողմից՝ մենք հասկանում ենք, որ արդեն բավականին
երկար տարիներ եկեղեցին փորձեր է անում խառնվելու քաղաքական գործընթացներին։ Բարձրաստիճան
հոգևորականների կողմից հայտարարություններ են հնչում իշխանությունների դեմ. կարգն առաջին
հերթին խախտել է եկեղեցին, դա պետք է ընդունենք որպես փաստ»,- Civic.am-ի հետ զրույցում
ասաց նա։
Խաչատրյանի խոսքով՝ եկեղեցին
գործում է պետության տարածքում և չի կարող դեմ գնալ ՀՀ օրենսդրությանը. «Ուստի ես կարծում
եմ, որ եկեղեցու նկատմամբ որոշակի պետական վերահսկողություն պետք է լինի, բերվի հարկային
դաշտ, ուսումնասիրվի աղբյուրների թափանցիկությունը։ Չեմ ուզում մտնել բարոյականության,
եկեղեցու ներքին կանոնների մեջ։ Ըստ իս՝ այն խնդիրները, որ բարձրաձայնվում են վերջին
օրերին, պետք է ազդանշան լինեն եկեղեցականներին,
որ փորձեն ինքնակարգավորվել։ Սա պետք է լինի իրենց պարտավորությունը Հայ առաքելական
եկեղեցու հետևորդների նկատմամբ»։
Իրավապաշտպանը մտավախություն ունի, որ եկեղեցին պատմականորեն որոշակի
ազդեցության է ենթարկվել Ռուսաստանի անվտանգային ծառայությունների կողմից. «Շատ հաճախ
եկեղեցու և Ռուսաստանի տարբեր շրջանակներից հնչող հայտարարությունները իրար զուգահեռ
են արվում։ Սա ես համարում եմ շատ լուրջ վտանգ, և այն ակտուալ է դառնալու 2026 թվականի ընտրությունների
շեմին։ Պետության անելիքը պետք է լինի փորձել բացահայտել կապը եկեղեցականների և Ռուսաստանի
անվտանգային ծառայությունների՝ ՖՍԲ-ի և նախկին ԿԳԲ-ի միջև։ Սա իրավական գործընթաց է
ենթադրում։ Ինձ չեն հետաքրքրում եկեղեցականների սեռական հարաբերությունները, էական
է պետական անվտանգությունը, մեր պետության վրա Ռուսաստանի ազդեցության չեզոքացումը»։
Վերը թվարկածի մեխանիզմը,
Խաչատրյանի դիտարկմամբ, ոչ թե սոցիալական ցանցերով իրար վիրավորելն է, այլ վարույթներ սկսելը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
տեսանյութում
Մարիամ Գրիգորյան