Ուկրաինայի կողմից իրականացված «Սարդոստայն» անվանումը
ստացած օպերացիան տված արդյունքի առումով փայլուն օպերացիա էր ու էական ազդեցություն
կարող է ունենալ բանակցային գործընթացի վրա։ Միաժամանակ, սակայն, մեկ օպերացիայով պատերազմի
ընթացքի վրա լուրջ ազդեցություն ունենալ հնարավոր չէ, ու Ուկրաինայի վիճակը շարունակում
է մնալ բավականին ծանր թե՛ բանակցային սեղանի շուրջ, թե՛ ռազմաճակատում։
Այս մասին Civic.am-ի եթերում ասաց «Անվտանգային
քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Արեգ Քոչինյանը։
Նա հավանական չի համարում, որ մոտ օրերի կամ մինչև
մեկ ամսվա ընթացքում կողմերը կարող են հրադադարի հասնել։ Ռուսաստանը, ըստ նրա, կպատասխանի
կամ կշարունակի պատասխանել քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելով։
Քոչինյանի կարծիքով՝ մինչև նախագահների, այդ թվում՝
ԱՄՆ նախագահի մասնակցությամբ հանդիպում տեղի չունենա, դժվար թե բանակցային հարթակում
լուրջ տեղաշարժ լինի։
«Մի օպերացիայով խոսել պատերազմի արդյունքի վրա
ազդեցության մասին՝ վաղ է։ Ռուսաստանը, ըստ իս, դեռևս պահպանում է առավելություն։ Ռուսական
զորքերը դանդաղ, հսկայական կորուստներով դեռևս շարունակում են առաջ շարժվել»,- ասաց
Քոչինյանը։
Ռուսաստանը վերադառնո՞ւմ է Հարավային Կովկաս։ Այդ
փորձերը, ըստ Քոչինյանի, փշուրներն են Ռուսաստանի նախկինում ունեցած ազդեցության։
«Միանշանակ է, որ քանի դեռ պատերազմը Ուկրաինայում
շարունակվում է, Ռուսաստանին չի հաջողվելու նույնիսկ մոտ գալ նախկինում իր ունեցած
դիրքերին։ Կարևոր հարցն այն է, թե Հրվ. Կովկասի երեք հանրապետությունները՝ Հայաստանը,
Վրաստանը, Ադրբեջանը, ինչպես են աշխատում այն ժամանակի հետ, որը դեռևս ունեն՝ մինչև
Ռուսաստանը կկարողանա ազատել իր քաղաքական
էներգիան, իր հնարավորությունները Հրվ. Կովկասում ազդեությունը վերականգնելու ուղղությամբ»,-
ասաց քաղաքագետը։
Նրա կարծիքով՝ կոնֆլիկտը այն պատուհանն է, որի միջոցով
Ռուսաստանը փորձելու է վերադառնալ։ Պետք է շարունակել խաղաղության հաստատման ուղղությամբ
քաղաքական էներգիա ու ռեսուրսներ ծախսել։
Քաղաքագետի խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանում, բացի
կոնֆլիկտից, ազդեցության այլ գործիքակազմ ևս ունի՝ այդ թվում ահաբեկչական, դիվերսիոն։
Այս կոնտեքստում անդրադառնալով Բագրատ Գալստանյանի հայտարարությանը, թե իբր արտաքին
ուժերը իրեն տեղեկություններ են փոխանցել, որ եթե Նիկոլ Փաշինյանը 2026-ին վերընտրվի,
ապա Հայաստանը վերածվելու է թմրանյութերի
ու փողերի լվացման կենտրոնի, ընտանիքի մոդելի խեղման վայրի, ինչպես նաև գունավոր հեղափոխությունների
ճամբարի, Արեգ Քոչինյանն ասաց. «Կա՛մ գործ ունենք մի պաթոլոգիկ սուտասանի հետ, ով հնարում
է բաներ՝ իր վրա ուշադրություն գրավելու համար, կա՛մ մի մարդու, ում հետ Հայաստանի
նկատմամբ, ամենայն հավանականությամբ, ոչ բարեկամական նպատակներով որոշակի հետախուզական
ծառայություններ աշխատանք են տանում։ Երկու տարբերակի դեպքում էլ լավ կլիներ, որ իրավապահ
կառույցները իրենց գնահատականը տային»։
Աջապահյանի կողմից
ռազմական հեղաշրջման կոչերի մասին էլ ասաց. «Սա առհավատչյան է նրա, որ Եկեղեցու ղեկավարությունը՝
Գարեգին Բ-ի ղեկավարությամբ, քաղաքական պայքար է սկսել կառավարության ու իշխող ուժի
դեմ, ու քաղաքական պայքարի շրջանակներում կողմերը փոխադարձաբար քաղաքական հարվածներ
են հասցրել ու հասցնում, որը դեռևս խորանալու միտում ունի, ինչը մեր երկիրը որևէ լավ
տեղ չի տանում»։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան