Ֆրանսիայի Բուրգ լե Վալանս քաղաքի քաղաքապետ Մարլեն Մուղիեն,
ով այս օրերին Երևանում է, Civic.am-ին տված հարցազրույցում ասաց՝ Հրվ. Կովկասի երկրներից Ֆրանսիան առաջնահերթություն
է տալիս Հայաստանին, քանի որ ակնհայտ են այն ժողովրդավարական բարեփոխումները, որ տեղի
են ունեցել ՀՀ-ում վերջին տարիներին։
Ֆրանսիայի Բուրգ լե
Վալանսն ու Արագածոտնի մարզի Թալին համայնքը քույր քաղաքներ են։ Թեպետ տիկին Մուղիեն
առաջին անգամ չէ Հայաստանում և Թալինում, նշում է՝ հիացած է այն բարեփոխումներով, որ
արվել են համայնքում ղեկավար Տավրոս Սափեյանի
օրոք։
Մեր զրուցակիցն ընդգծեց
նաև Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսարանի բացման կարևորությունը. «Ջերմուկում էլ
տեսնում ենք եվրադիտորդների աշխատանքի կարևորությունը, որը թույլ չի տալիս, որ ադրբեջանական
զորքն առաջ գա։ Զենքերն անշուշտ կարևոր են, բայց դիվանագիտությունը՝ ևս։ Այսօր Եվրոպայի
ձայնը՝ ի դեմս Ֆրանսիայի, զսպող գործոն է, որ Ադրբեջանն առաջ չգնա»։
Ինչո՞վ է Հայաստանը
հետաքրքիր Ֆրանսիային՝ հարցին ի պատասխան մեր զրուցակիցն ասաց. «Հայաստանը միշտ է կարևոր
Ֆրանսիայի համար, այդ կապերը շատ հին են։ Վերջին Կիլիկո թագավորը ֆրանսիացի էր։ Կարևորում
եմ երիտասարդների ակտիվությունը, նրանք, ովքեր Ֆրանսիայից գալիս են Հայաստան և հակառակը՝
Հայաստանից Ֆրանսիա։ Նրանք են կերտում մեր հարաբերությունների ապագան»։
Բուրգ լե Վալանսը Ֆրանսիայի
այն եզակի քաղաքներից է, որի քաղաքապետարանի շենքի վրա առ այսօր ամրացված են Հայաստանի
և Արցախի դրոշները։ Մարլեն Մուղիեն ասում է՝ բնակչության մոտ 20 տոկոսը հայ է՝ ֆրանսահայ,
և չնայած ադրբեջանցիների կողմից տարատեսակ ճնշումներին՝ իրենց ձայնը չի լռելու։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
տեսանյութում
Մարիամ Գրիգորյան