Հրանտ Մարգարյանը փորձում է ձևավորել նոր «Հոկտեմբերի 27»-ի հանրային պահանջարկ

Արված հայտարարությունը հանցագործության մասին հաղորդում է։ Հրանտ Մարգարյանը փորձում է ձևավորել նոր «Հոկտեմբերի 27»-ի հանրային պահանջարկ։ «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը այս կարծիքին է ՀՅԴ բյուրոյի նախկին անդամ Հրանտ Մարգարյանի՝ «Հոկտեմբերի 27-ի» ակտը «սրբության սրբոց» գնահատող հայտարարության մասին։


«Հրանտ Մարգարյանը ոչ թե ուղղակի հանկարծ հիշել է, որ Դաշնակցությանը մեղադրում են առնչությունների մեջ, այլ փորձում է հասունացնել նոր «Հոկտեմբերի 27»-ի անհրաժեշտություն՝ մանավանդ, որ իրենց բոլոր հնարավոր միջոցներով ու դերակատարներով այս ընթացքում չի հաջողվել ի կատար ածել իրենց փափագը։ Հիշենք 2021-ի վաղ գարնանը տեղի ունեցած Գլխավոր շտաբի բունտը, «Հայրենիքի փրկության շարժման» տարբեր վերսիաները, նաև Բագրատ Գալստանյանի կողմից Եկեղեցու ներգրավվածությունը»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։  


Ըստ նրա՝ ոչ միայն իրավապահ համակարգը, այլև հասարակությունը պետք է շատ խիստ գնահատական տան դաշնակցական և մերձդաշնակցական այդ գործողություններին ու հայտարարություններին։ Սաֆարյանի կարծիքով՝ Հրանտ Մարգարյանը պետք է պատասխանատվության ենթարկվի, որովհետև այս հայտարարությունները հակասահմանադրական են ու հանդիսանում են, ըստ էության, պետության զավթման փորձ։

 

Մանրամասն՝ տեսանյութում

 

Վովա Հակոբյան