«Շատ բարձր կարծիքներ են հնչել ոչ միայն հայկական թատրոնի մասին, այլեւ մեր՝ իբր միասնական եւ պետական մտածող տեսակի մասին»․ Արման Նավասարդյան․ Տեսանյութ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը մասնակցել է Մոսկվայում կայացած Չեխովյան 15-րդ հեղինակավոր միջազգային փառատոնին: Այն անցկացվել է հունիսի 26-27-ը: Համազգային թատրոնը մասնակցել է Գի դը Մոպասանի «Ճարպագունդը» պատմվածքի հիման վրա բեմադրված «Փափլիկը» ներկայացմամբ: Բեմադրիչը դերասանուհի Նարինե Գրիգորյանն է:
Այս փառատոնից հետո թատրոնը ստացել է ևս մեկ հրավեր՝ մասնակցելու Ռուսաստանում անցկացվելիք մեկ այլ փառատոնի, որի հեղինակը Եվգենի Միռոնովն է: Փառատոնն անցկացվելու է Վլադիվաստոկում առաջին անգամ: Այս մասին այսօր «Արմենպրես» լրատվական գործակալության կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտնեց թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը․ «Համազգային թատրոնին հրավիրել են՝ փառատոնը զարդարելու: Այդ Փառատոնին ներկա է լինելու նաեւ Չարլի Չապլինի թոռը՝ Ջեյմս Թիերենը»:
Չեխովյան փառատոնը 30 տարեկան է, այն այս տարի 15-րդ անգամ էր անցկացվում, քանի որ իրականացվում է 2 տարին մեկ անգամ:
Այս տարի Հայաստանի թատերական գործիչների միությունում ՀԹԳՄ կայացած «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը «Փափլիկը» արժանացել էր «Լավագույն ներկայացում» մրցանակին: ՀԹԳՄ-ն էլ բեմադրությունն առաջարկել էր Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնին, եւ անմիջապես ընդգրկվել է ծրագրում։
Նավասարդյանը նաեւ հայտնեց, որ անչափ ջերմ ընդունելության են արժանացել Մոսկվայում։
«Նույնիսկ համեստությունս թույլ չի տալիս ցիտել այն խոսքերը, որոնք ասել են մեր հասցեին: Փառատոնի տնօրենը մեզ իր շուրջն էր հավաքել եւ ասում էր՝ դուք այնքան լավն եք, որ նույնիսկ չենք ուզում ձեզնից բաժանվել: Հպարտության շատ մեծ պահեր ենք ունեցել, մի բան, որը պակասում էր վերջին շրջանում: Բարձր ենք պահել մեր երկրի անունը, պատիվը, եւ թող ոչ մեկը չկասկածի, որ մենք երբեւէ կարող ենք խաղալ մեր հայրենիքի անվան հետ: Շատ բարձր կարծիքներ են հնչել ոչ միայն հայկական թատրոնի մասին, այլեւ մեր՝ իբր միասնական եւ պետական մտածող տեսակի մասին», - նշեց Նավասարդյանը։