Նոր «Հոկտեմբերի 27»-ի ազդակ կա, չպետք է կտուրը գցել․ Հակոբյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ զրուցել ենք վերջին օրերին որոշ հոգևորականների և իշխանության միջև տեղի ունեցող «փոխհրաձգության» և ներքաղաքական զարգացումների մասին։


Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ ամեն ինչ սկսվել է հոգևորականների՝ ակտիվ քաղաքական հայտ ներկայացնելուց։


«Երբեմն հակամարտությունը փորձում են ներկայացնել որպես իշխանություն-եկեղեցի, բայց իրականում որոշ հոգևորականների հետ է կապված. որոշները նրանցից քաղաքականության մեջ են խառնվում, ինչի իրավունքը չունեն, որոշներն իրենց վարքագծի կանոններին չեն հետևում, ինչի պատճառով հավատացյալների և հոգևորականների միջև առաջանում է վստահության կրիզիս»,- ասաց պատգամավորը։


Խոսելով այն մասին, որ օրեր առաջ դաշնակցական Հրանտ Մարգարյանը ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ «Հոկտեմբերի 27»-ը և «Նոյեմբերի 9»-ը պոռթկում էին, «սրբության սրբոց», և չի բացառել, որ դա կարող է  կրկնվել, պատգամավորն ասաց. «Կարևորն այն է, որ նա հիմա էլ է ասում, որ կարող է լինել նոր «Հոկտեմբերի 27», և վստահեցնում է, որ 99 թվականի «Հոկտեմբերի 27»-ը եղել է հենց ժողովրդական պոռթկում։ Ոչ թե ահաբեկչություն, ոչ թե մարդասպանություն, ոչ թե սրիկայություն, այլ՝ պոռթկում, և արդարացնում է։ Եվ այժմ էլ ասում է, որ նույնը կլինի։ Եթե փորձենք համեմատականներ անցկացնել՝ հոկտեմբերի 27-ից առաջ էլ եղել են տարբեր հրապարակումներ, տարբեր խոսակցություններ, շատերը խորհուրդ են տվել Վազգեն Սարգսյանին ունենալ թիկնապահներ, որովհետև իր կյանքին կարող է վտանգ սպառնալ. իհարկե, Վազգեն Սարգսյանը չի հավատացել, որ կարող է «յան» ազգանունուվ մարդը սպանել իրեն, բայց տեսանք՝ ինչ եղավ հոկտեմբերի 27-ին ուղիղ եթերում։ Եվ հիմա էլ մարդիկ խոսում են դրա մասին, ու պետք է չէ այդ խոսակցությունները կտուրը գցել, պետք է դրանց հետևից գնալ»,- հավելեց պատգամավորը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան