Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի կարծիքով՝ Պետդումայի պատգամավոր Զատուլինի վերջին հայտարարությունները
շանտաժի էլեմենտ են պարունակում: «Շանտաժի էլեմենտն էլ հետևյալն է՝ եթե դուք չեք մասնակցում
ՀԱՊԿ-ում, չեք կարող նաև ԵԱՏՄ-ում մասնակցություն ունենալ։ Սա աբսուրդ է, որովհետև
Ռուսաստանին ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունն առնվազն պետք է այնքան, որքան Հայաստանին։
Ուստի չի կարելի որևէ զուգահեռ տանել ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի միջև՝ այն պարզ պատճառով, որ
ԵԱՏՄ-ի շրջանակներում պայմանագիրը լավից-վատից գործում է, իսկ ՀԱՊԿ-ը գոյություն չունի»,-
Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ մեր զրուցակցի՝ եթե ՀԱՊԿ-ը գոյություն ունենար,
Հայաստանի 240 ք/կմ տարածքն օկուպացված չէր լինի: «ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի սահմանները։
Նման հայտարարությունները պարզապես շանտաժ են, բայց այդ շանտաժը տեղ չի հասնելու»,-
ասաց նա։
Ստեփանյանի դիտարկմամբ՝ ՌԴ-ի նպատակը մեկն է ՝ օգտագործելով
տնտեսական լծակները մեզ վրա ճնշում գործադրել ու բերել նոյեմբերի 9-ի համաձայնագրի
հունի մեջ, վաճառել Սյունիքի միջանցքային մասը՝ ճանապարհը, թուրքերին. «Դրա հետ մեկտեղ
ապահովել իրենց ներկայությունը՝ Կապանում հյուպատոսություն բացելով։ Ես վստահ եմ՝ ուզում
են արցախյան սցենարն իրագործել Հայաստանում»։
Դավիթ Ստեփանյանը համարում է, որ այդ հյուպատոսության
բացման ձգձգման պատճառները տեխնիկական չեն. «Իշխանությունը պարզապես ժամանակ է ձգում՝
փորձելով ցույց տալ, թե մենք սկզբունքորեն դեմ չենք, բայց կան տեխնիկական խնդիրներ,
որոնց պատճառով է ձգձգվում՝ միգուցե մյուս տարի կամ հետո։ Վստահ եմ, որ սա հաշվարկված
քաղաքականություն է, և մենք դրանից չենք շեղվելու։ Բացել Սյունիքում ՌԴ հյուպատոսություն՝
նշանակում է քայլ առաջ անել 9-րդ կետի իրականացման
ճանապարհին։ Իսկ դա մեզ համար ճանապարհ է, որը հեռավոր ապագայում մեզ կտանի կործանման»։
Ի՞նչն է Ադրբեջանին պահում միջանցք «չպոկելու» ճանապարհին,
քաղաքագետը վստահ է՝ աշխարհաքաղաքական կոնսենսուսի բացակայությունը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան