Նոր զարգացումներ Մերձավանի սպանության գործով

Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում ամիսներ առաջ տեղի ունեցած կրակոցների դեպքով, որի ընթացքում զոհվել էր Մերձավանի վարչական նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի հորաքրոջ 29-ամյա տղան՝ Գրիգոր Օհանյանը, մեղադրանքներ էին առաջադրվել 14 անձի. նրանցից երեքը կալանավորվել էին։ Այժմ արդեն կալանավորված է մնում միայն մեկը՝ Արմեն Ղազարյանը։ Հենց նրան է վերագրվում սպանությունը։ Ըստ գործի՝ իր կրակոցից է սպանվել Օհանյանը։


Մինչդեռ Ղազարյանն ու հարազատները պնդում են՝ Արմեն Ղազարյանի կրակոցից չի զոհվել Գրիգորը։ Սպանվածի հարազատներն էլ կարծում են, թե միանշանակ չէ, որ  իրենց հարազատը զոհվել է հենց Ղազարյանի կրակոցից։ Կասկածներ կան, որ դա կարող էր լինել նաև տեսանյութում երևացող այլ անձի գործողությունների հետևանք։


Սպանությունը, ըստ Արմեն Ղազարյանի մոր, ինչպես նաև սպանված Գրիգոր Օհանյանի հարազատների կասկածների, կարող է կատարած լինել տեսանյութում երևացող այլ անձ։


Իսկ այդ կապիշոնով երիտասարդը, ըստ ամենայնի, Փարաքարի ներկայիս համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի եղբայրն է՝ Պայքար Գրիգորյանը՝ հայտնի Պաշ անունով։


Կալանավորված Արմեն Ղազարյանի մայրը պնդում է՝ շուտով նաև անուններ կտա։


Պայքար Գրիգորյանի խափանման միջոցը վերջերս է փոխվել։ Նա կալանավորված էր, այժմ, դատարանի նոր որոշմամբ, նա գրավով ազատ է արձակվել։ Դատախազությունից մեզ հայտնեցին՝ երեկ են ստացել դատական ակտը, պատրաստվում են բողոքարկել որոշումը։


Արմեն Ղազարյանի մայրը պնդում է՝ կանգ չի առնելու, դիմելու է Քննչական կոմիտեի նախագահին, իրավապահ այլ կառույցների ղեկավարներին, քաղաքական ղեկավարությանը՝ արդարություն և օբյեկտիվ քննություն ապահովելու համար։  


Մեր տեղեկություններով՝ զոհվածի հարազատները ևս, դժգոհ լինելով քննության որակից ու ընթացքից, նամակներով դիմել են գլխավոր դատախազին, արդարադատության նախարարին ու անձամբ վարչապետ Փաշինյանին։


Ի դեպ՝ Պայքար Գրիգորյանը առաջին անգամ չէ, որ հայտնվում է զենքի գործադրմամբ իրականացված միջադեպերում, որտեղ գլխավոր դերերում է լինում, իսկ հետո ջրից չոր դուրս գալիս։ 2016 թվականի դեկտեմբերի 27-ին նա վիճաբանության ընթացքում հրազենից անկանոն կրակոցներ է հնչեցրել, որի ընթացքում վնասել է նաև էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գտնվող շենքը։ Սակայն Պայքար Գրիգորյանը պատասխանատվության չի ենթարկվել։ Նրա փոխարեն դա արել է այլ անձ։


2021 թվականի հունվարի 13-ին էլ Թոխմախի գերեզմանատանը Պայքար Գրիգորյանը՝ Պաշը, ինքնաձիգով հարձակում է գործել Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության վրա, որից հետո փախչել Միացյալ Նահանգներ։


 

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան