Երբ հանդիպում են ընտրապիղծն
ու սրբապիղծը, ի՞նչ են իրար հետ քննարկում կամ իրար աջակցում. ընտրապիղծը, որը պղծել
է ժողովրդի ազատ ընտրությունն ու գողացել նրանց քվեն, ու սրբապիղծը, որը պղծել է Եկեղեցին
ու գողացել մարդկանց հավատը, իրար հետ ի՞նչ են քննարկում։ Այն, թե ինչպե՞ս հեղափոխությունից
հետո ժողովրդին վերադարձվեց ժողովրդից գողացված ընտրությունը, թե՞ քննարկում են՝ ինչպես
անել, որ ժողովրդից գողացված Եկեղեցին չվերադարձվի ժողովրդին։ Իշխանության ու Եկեղեցու
միջև հակամարտություն չկա ու չի կարող լինել, որովհետև եկեղեցին մեր եկեղեցին է, ժողովրդի
եկեղեցին է։ Պարզապես տեսնում ենք, որ Եկեղեցու ղեկավար դասի որոշ ներկայացուցիչներ
շեղվել են բարոյականության հիմնարար սկզբունքներից՝ Գարեգին Բ-ի գլխավորությամբ, և
ըստ էության նրանք պետք է բացատրություններ տան, ու հետևություններ պետք է արվեն այս
ամենից։
Այս մասին Civic.am-ի եթերում,
անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Կաթողիկոսին այցելությանը, ասաց «Քաղաքացիական
պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Նա նշեց՝ Գարեգին Բ-ն պետք է
պատասխանի իրեն ուղղվող հարցերին։ «Որքան Գարեգին Բ-ն շարունակի խուսափել այս հարցին
արձագանքելուց, այնքան նա ամեն օր կորցնում է հոգևոր առաջնորդության սեփական լեգիտիմությունը։
Գարեգին Բ-ին և նախկին նախագահներին միավորում է մեկ բան՝ նրանք երբեք չեն սիրում,
երբ նրանց հարցեր են տալիս»,- ասաց Կոնջորյանը։
Պատգամավորը նկատեց, որ Եկեղեցու
բարձրաստիճան հոգևորականները հասկացել են, որ իրենց «վաճառած ապրանքը» հեղափոխությունից
հետո այլևս պետք չէ։ «Իրենք պետք է փորձեն հետ բերել նախկին գնորդներին։ Գարեգին Բ-ին
կենսականորեն պետք է, որ Հայաստանում լինի ապօրինի իշխանություն, որին ինքը կկարողանա
վաճառել սեփական ապրանքը։ Այդ ապրանքը Եկեղեցու ռեյտինգն է։ Իրենք ուզում են այդ ռեյտինգը
մոնետիզացնել։ Նրանք այդ ռեյտինգը օգտագործել են հանուն սեփական գողապետության։ Հիմա
չեն կարողանում օգտագործել»,- ասաց Հայկ Կոնջորյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան