«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի»
փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ «Պատիվ ունեմ»-ի նախաձեռնած իմպիչմենտի գործընթացը
մեկ նպատակ ունի, և այն ներընդդիմադիր է: «Սա չունի որևէ այլ նպատակ, որովհետև հնարավոր չէ ենթադրել, որ այն հաջողությամբ
կավարտվի։ Չեն կարող 36 ձայն հավաքել, որ գործընթացն Ազգային ժողովում սկսվի, քանի
որ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը հայտարարել են, որ չեն միանալու։ Ուստի գործընթացը
նույնիսկ սկսվել չի կարող»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Ղևոնդյանի՝
առաջադրված թեկնածուն հեղինակություն ունի ընդդիմության ներսում: «Եվ այս գործընթացը
ընդդիմադիր դաշտում թևերի պայքարի արդյունքում որոշակի առավելություն ձեռք բերելու
համար է»,- նկատեց նա։
Եթե ֆորս-մաժորներ
չլինեն, քաղաքագետը բացառում է, որ Հայաստանում
իշխանափոխություն լինի մինչև հաջորդ ընտրությունները։
Խոսելով
ՀՀ վարչապետի և Հայ Առաքելական եկեղեցու հեռակա բանավեճի մասին՝ մեր զրուցակիցը նշեց,
որ այս պահին անորոշ է, թե մինչև ուր կարող է հասնել գործընթացը, որովհետև
իշխանությունը չունի լծակ, որպեսզի եկեղեցում փոփոխություն պարտադրի. «Միակ լծակը հանրության
և եկեղեցու սպասավորների մոտեցումն է։ Եթե եկեղեցու սպասավորները համարեն, որ իրենց
համար միևնույն է, որ իրենց ղեկավարը խախտել է կարգը, ու ցանկանում են այսուհետ էլ
կարգը խախտած Կաթողիկոս ունենալ, ապա եկեղեցին որևէ գործողություն չի ձեռնարկի։ Մնում
է հանրության ճնշումը... ես ինքս, որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, չէի ցանկանա
ունենալ Կաթողիկոս, ով իր իսկ կողմից ընդունված կանոններին չի հետևել։ Ցանկալի կլիներ,
որ եկեղեցին ունենա մաքրամաքուր առաջնորդ»։
Ըստ նրա՝
ՀԱԵ-ն բացահայտ կերպով քաղաքականությամբ է զբաղվում, և տպավորություն է, որ Կաթողիկոսն
ակտիվանում է այն ժամանակ, երբ Քոչարյան-Սարգսյան զույգին ինչ-որ բան է սպառնում:
Ինչու առաջին
նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Կաթողիկոսին չընդունեց Մարտի 1-ից հետո, իսկ հիմա այցելեց Մայր Աթոռ՝ աջակցություն հայտնելու,
քաղաքագետը նշեց. «Անհասկանալի է առաջին նախագահի վարքագիծը։ Ինչքանով ես եմ տեղյակ՝
առաջին նախագահը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, և ինչո՞ւ այն հարցերը, որ առաջացել
են իմ մեջ, իր մեջ չեն առաջանում։ Ես չեմ ընդունում այն տրամաբանությունը, որ կարելի
է գործակցել սատանայի հետ՝ միայն թե հեռանա
այս իշխանությունը։ Դա Հայատասանի Հանրապետության, ՀՀ պետության գոյության հետ որևէ
առնչություն չունի»։
Հարցազրույցն
ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան