Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, շարունակվեց 44-օրյա պատերազմի ընթացքում մարտադաշտը ինքնակամ լքելու և կապի միակ միջոցը իր հետ տանելու համար մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական հերթական նիստը, որի ընթացքում հարցաքննվեցին գործով տուժողները։
Տուժողը չհիշեց, որ սպաները բարձունքն իջնելուց հետո առանձնացած լինեն։ Վկան նաև նշեց, որ իրենց ուղղությամբ աշխատող հրետանային զենքից կրակոցներ չեն եղել, եղել են միայն հրաձգային զենքից կրակոցներ։
Մեղադրող դատախազը, վկայակոչելով սպաների տված ցուցմունքը, ըստ որի՝ իրենք՝ սպաները, առաջացել են դեպի 3-րդ գումարտակ, որից հետո սկսվել է հրթիռակոծություն իրենց ու մոտ 100-հոգանոց խմբի մեջտեղում գտնվող հատվածում, որից հետո իրենք չեն կարողացել հետ գալ ու միանալ խմբին, հետաքրքրվեց տուժողից՝ հնարավո՞ր է, որ նման բան լիներ, հրթիռակոծություն լիներ այդ տարածության վրա, և զինվորները՝ այդ 100-հոգանոց խումբը, դա չնկատեին։ Տուժողը հնարավոր չհամարեց նման սցենարը։
«Եթե սպաները կազմակերպեին, հնարավո՞ր էր Հուրհատ սարից նահանջելու ընթացքում ուղղություն վերցնել ու հասնել 3-րդ գումարտակ»,- դատախազի հարցին ի պատասխան տուժողն ասաց. «Մեզ ասել են՝ 3-րդ գումարտակը հենց մեր դեմն ա»։ Ըստ վկայի՝ հեռավորությունը կարող էր հասնել ոչ ավելի, քան 3 կմ-ի։
Վկան նշեց, որ Իշխան Վահանյանին տեսել է, երբ Հուրհատ սարից իջել են հաց վերցնելու։ Նաև ասաց, որ նահանջելիս ևս այդ ճանապարհով են նահանջել։ Իր ցուցմունքում վկան ասաց, որ անկանոն, խուճապահար վիճակ է եղել, այդ պատճառով են սկսել նահանջել, փախչել։ Բացի դրանից՝ հակառակորդը բազմաթիվ է եղել, նաև՝ չեն հասկացել, թե որ կողմից է թշնամին հարձակվում։ Նահանջի ընթացքում տուժողը չի տեսել հակառակորդի զինվոր, միայն կրակոցներ են եղել իրենց ուղղությամբ։
Ծնողներից մեկի հարցին, թե ըստ տուժողի՝ ինչի՞ հետևանքով իրենք զոհեր տվեցին, գերեվարվեցին, տուժողն ասաց. «Սպաների դավաճանության պատճառով էր, որ թողեցին փախան՝ առանց մեզ հրաման տալու... զանգում իրան ասում են, որ քո զորքը ստեղ ա, դու ասում ես՝ ինչ ուզում եք արեք, ես վիրավոր եմ։ Մենք կամբատ չենք ունեցել, եղել ա մի հատ եսիմ ինչ ու վսյո»։
Տուժողների հարազատներից Արսեն Ղուկասյանը դատարանին ասաց, որ ինքը նախորդ դատական նիստից հետո զանգել է Գարիկ Վարդերեսյանին՝ նույն գումարտակի նախկին հրամանատարին, ում, ըստ տուժողներից մեկի ցուցմունքի, պատերազմի օրերին, անտառում մոլորված լինելու ժամանակ զանգել են իր նախկին զինվորները, ասել իրենց գտնվելու մոտավոր վայրը և օգնություն խնդրել։ Գարիկ Վարդերեսյանը Արսեն Ղազարյանին հաստատել է, որ ինքը զանգ ստացել է, իմացել է, որ անտառում մոլորված զինվորներ կան։ Վարդերեսյանը Ղազարյանին ասել է, որ ինքը ամսի 11-ին գնացել է «Թութակ», այնտեղ տեսել է գեներալ Աղաբեկյան Արթուրին և Մանուկյան Դավիթին, որոնց տեղեկացրել է, որ անտառում մոլորված զինվորներ կան, որոնք ունեն օգնության կարիք։ «Ընդեղից իրան պատասխանել են՝ մենք հատուկ օպերացիա ենք պատրաստում, մեզ մի խանգարեք, թողեք լքեք այս տարածքը։ Էդ եղել ա Աղաբեկյան Արթուրի և Մանուկյան Դավիթի պատասխանը՝ ըստ Վարդերեսյանի։ Եթե հարկ կլինի էդ դրվագի հետ կապված, կարող եք էլի իրան հարցաքննել»,- ասաց Արսեն Ղազարյանը։ Նշենք, որ Դավիթ Մանուկյանը ԱԺ Հայաստան դաշինքի ՀՅԴ-ական պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրն է։
Այնուհետև հարցաքննվեց գործով տուժող Արայիկ Գալստյանը, չնայած վերջինս նշեց, որ ոչինչ չի կարող պատմել, ոչինչ չի հիշում։ Գրիգորյանը հարցերի միջոցով հիշեց, որ պատերազմի մեջ ներգրավվել է Ջաբրայիլում, նաև ասաց, որ չի նկատել, որ Վահանյանի վրա վնասվածքներ լինեն։ Տուժողը չկարողացավ հիշել, թե ում ուղեկցությամբ է բարձրացել Հուրհատ սար, նշեց, որ ինքը եղել է հետախուզության դասակում, սպաներից իրենց հետ եղել է Մուրադյանը։ Վկան նշեց, որ ուրիշներից է լսել, որ Իշխան Վահանյանը վիրավորվել է, նստել է մեքենան ու հեռացել, սակայն չի տեսել՝ արդյոք Վահանյանը վիրավորում ստացե՞լ է, թե՞ ոչ։ Նաև չի տեսել, թե Վահանյանը ինչպես է հեռացել։ Տուժողի հարցաքննության վերջում զոհվածների հարազատները հերթական անգամ վրդովվեցին, փորձեցին հարձակվել Իշխան Վահանյանի վրա, ինչին միջամտեց ոստիկանությունը և դուրս հանեց թե՛ ծնողներին, թե՛ Վահանյանին։
Այսպիսով նիստն ավարտվեց։
Վովա Հակոբյան