Ընդդիմությունն ու Եկեղեցին մեկ կենտրոնից են ուղղորդվում. Փաշինյանը մեղվի բույնն է քանդում

Նիկոլ Փաշինյանը ուզում է չեզոքացնել Եկեղեցու, նախկին իշխանությունների և ռուսական որոշ շրջանակների ազդեցությունը ընտրությունների վրա։ Այս մասին Civic.am-ի եթերում ասաց քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը։


Նա մտավախություն հայտնեց նաև, որ Գարեգին Բ-ին ի վերջո կարող է փոխարինել ավելի վատ տարբերակ, որը անմասն չլինի ռուսական ազդեցություններից։ Դալլաքյանը առաջարկում է վստահության հանրաքվե անցկացնել՝ հասկանալու համար, թե մարդկանց որ մասն է վստահում Կաթողիկոսին, որ մասը՝ ոչ։ Եթե մարդիկ վստահության քվե չտան, ամեն անգամ վարչապետը կկարողանա ցույց տալ, որ Եկեղեցու վերնախավը չի վայելում ժողովրդի վստահությունը։


«Կարող են գտնվել մարդիկ, որոնք կպառակտեն հասարակությանը, նոր «Մարտի 1» կկազմակերպեն և կասեն՝ իշխանությունն էր մեղավոր»,- ասաց Դալլաքյանը։


Գարեգին 2-րդը, նրա կարծիքով, չի կարող հետքայլ անել։ «Ռուսաստանը իր վրա ունի ազդեցության լծակներ։ Նա կոնֆլիկտային անձ չէ, բայց քանի որ Մոսկվայում ունի եղբայր, բիզնեսներ և խոցելի է, մենք էլ գիտենք, չէ՞, ռուսական ԿԳԲ-ն ինչպես է աշխատում։ Այնպես չէ, որ  եթե նա ուզի, կարող է հեռանալ»,- ասաց Լիլիթ Դալլաքյանն ու հավելեց. «Դրական բան կա, որ ընդդիմությունը դիմավորում է Գարեգին Բ-ին. դրանով նրանք վարկաբեկում են նրան, քանի որ իրենք են վարկաբեկված։ Բայց սա վտանգավոր իրավիճակ է։ Դաշնակցությունը միշտ կարող է «պոռթկալ»։ Եթե իրոք Նիկոլ Փաշինյանը որոշել է կազմաքանդել այս բուրգը ու վտանգ սպառնալ Ռուսաստանի ազդեցությանը, կարմիր գծեր կարող են հատվել, կարող է այդ «պոռթկումն» իրականացվել։ Բոլորը մի կենտրոնից են ուղղորդվում։ Նիկոլ Փաշինյանը մեղվի բույնն է քանդում։ Շատ վտանգավոր կարող է լինել»։

 


Մանրամասն՝ տեսանյութում

 

Վովա Հակոբյան