Քոչարյանին և Սարգսյանին գզվռտոցի մեջ պետք է թողնել միայնակ. Ջուլհակյան

Հայ առաքելական եկեղեցու հետևորդ Նիկոլ Փաշինյանը ոչ թե արշավ կամ պայքար է սկսել եկեղեցու դեմ, այլ եկեղեցին սրբապղծությունից զերծ պահելու հարց է բարձրացրել։ Այս մասին сivic.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ-Գարեգին Բ հեռակա բանավեճին։ 


Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները՝ եպիսկոպոսները, կաթողիկոսը,  ըստ պատգամավորի, մարդիկ են, որոնց մենք կոչում ենք սրբազաններ, նրանց ձեռքն ենք համբուրում եկեղեցական արարողությունների ժամանակ, և նրանք աշխարհիկ կյանքով ապրող մարդիկ չեն։  Հետևապես նրանց սրբակենցաղ լինելու, եկեղեցու կանոնագրքին հավատարիմ լինելու հանգամանքը պարզելը հավատավոր հոտի իրավունքն է։


«Այժմ եկեղեցու հավատավոր հետևորդ Նիկոլ Փաշինյանը հարց է բարձրացնում՝ դուք կուսակրո՞ն եք, թե՞ ոչ, երեխա կամ երեխաներ ունե՞ք, թե՞ ոչ։ Այս հարցերը շատ պարզ պատասխան են ենթադրում՝ կամ այո, կամ ոչ, բայց այդ պարզ հարցի պատասխանը հանրությունն առ այսօր չի ստացել։ Ակնհայտ է, որ հիշյալ հարցի պատասխանը միանշանակ չէ։ Այսինքն՝ եթե  «ոչ» լիներ, մենք այդ «ոչ»-ը լսած կլինեինք, «այո» ասելն էլ, բնականաբար, հետևանքներ  կենթադրեր»,- նշեց Ջուլհակյանը։


Անդրադառնալով վարչապետին անվստահություն հայտնելու՝ իմպիչմենտի գործընթացին, որը ԱԺ-ում նախաձեռնել է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը («Հայաստան» խմբակցությունն, ի դեպ, ինչպես պարզվեց, միացել է գործընթացին, սակայն անհրաժեշտ  ստորագրությունները չի դրել համապատասխան ձևաթղթի տակ)՝ ՔՊ խմբակցության անդամը նկատեց. «Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն փորձում են ընդդիմադիր դաշտում մերկացում ապահովել և իրենց դիրքավորել որպես միակ ընդդիմադիր, դրան են ուղղված բոլոր այս քայլերը։ Ակնհայտ է, չէ՞, որ եթե Սերժ Սարգսյանը հավատացած լիներ, որ 0,1 տոկոս շանս ունի, բոլորովին այլ թեկնածու կառաջադրեր (վարչապետի թեկնածուն Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն է)։ Այսինքն՝ ինքը զոհաբերել է մեկին, որը ափսոս չէ։ Ահա այս խաղն է փորձում տանել Սերժ Սարգսյանը»։


Ջուլհակյանը նկատեց նաև, որ Սարգսյան-Քոչարյան թիմերի միջև այս «գզվռտոցը», «չիմպիչմենտի» հերթական այս օպերացիան  չպետք է շփոթեցնի ընտրողներին, քանի որ նախկին նախագահները նախընտրական այս բեմականացումից հետո միևնույն է՝ անհրաժեշտ պահին նորից միավորվելու են։  

 

Արուսյակ Ջուլհակյանի հետ զրույցի այլ մանրամասները՝ տեսանյութում։