Չեմ կարծում՝ Բաքուն ներխուժի ՀՀ տարածք ու փորձի միջանցք բացել. այդ հարցում մեր դաշնակիցը միայն Իրանը չէ. Վարդանյան

Իրանագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ Իսրայելի ու Իրանի միջև ծանր պատերազմ է ընթանում,  և հետևանքները դաժան են լինելու երկու կողմերի համար: «Օդային գերակայությունը բացահայտ Իսրայելի կողմն է, ՀՕՊ համակարգերն ավելի ուժեղ են։ Այս պահին ռազմավարական տեսանկյունից Իսրայելն ավելի կարևոր օբյեկտների է հարվածել, հետախուզական տեսանկյունից ևս լուրջ աշախատանք են արել։ Իրանի ռազմական ղեկավարությունը գլխատված է, 20-ից ավելի զինվորականներ են ոչնչացվել։ Իսկ Իրանի հարվածներն Իսրայելին այնքան էլ մեծ չեն, մի քանի ռազմավարական օբյեկտներ են խոցել, բայց նաև խաղաղ բնակչության կողմից կորուստներ կան Իսրայելում»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։


Վարդանյանի դիտարկմամբ՝ այժմ ամեն ինչ կախված է Իրանի դիրքորոշումից. եթե ճկուն լինի, պատերազմը շուտ կվերջանա՝ ընդհուպ մի քանի ժամվա ընթացքում։


Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Ադրբեջանն ու Թուրքիան, օգտվելով առիթից, կարո՞ղ են Հայաստանի դեմ գործողություններ իրականացնել, ընդհուպ փորձեն ստանալ «Զանգեզուրի միջանցքը», իրանագետն ասաց. «Դրա հավանականությունը մեծ չէ, այստեղ միայն Իրանի գործոնը չէ, Արևմուտքն էլ բազմաթիվ ազդակներ է հղել, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունների համար Բաքուն թանկ գին կվճարի։ Դա մեր բարեբախտությունն է, որ միայն Իրանը չէ մեր դաշնակիցն այս հարցում, այլ նաև Արևմուտքը։ Չեմ կարծում, թե Ադրբեջանը գլոբալ հարցեր փորձի լուծել, հնարավոր են սահմանային բախումներ, կրակոցներ, բայց մտնել Հայաստանի տարածք ու ուժով միջանցք բացել՝ ես չեմ կանխատեսում»,- եզրափակեց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան