Բուլղարիայի Վառնա քաղաքի հոգևոր
հովիվ Տեր Արմեն քահանա Մելքոնյանի հետ զրուցել ենք, վերջին շրջանում որոշ եկեղեցականների
և իշխանության միջև ընթացող «առճակատման» մասին։
«Ես, որպես հոգևորական փորձում
եմ մոտենալ ըստ Սուրբ գրքի ուսուցման, թե Աստվածաշնչի մեջ ինչ է ասվում։ Անկախ թե պետական
իշխանությունն ինչ է և այդ իշխանության աթոռին ով է բազմած, մենք, որպես քրիստոնյաներ,
պարտավոր ենք հնազանդվել մեր իշխանություններին և նաև աղոթել մեր իշխանավորների համար,
մեր հիմնակման առաքելությունն է աղոթել, որպես եկեղեցի։ Եվ նաև մենք պետք է նկատի ունենանք, որ մենք որպես ազգ, որպես հայրենիք
և որպես եկեղեցի, մենք մեկ ամբողջություն ենք, այսինքն, եթե մեր ազգի մեջ այսօր կան
տարբեր գաղափարախոսություններ, մեկն այս կուսակցությանն է պատկանում, մեկը՝ այլ կուսակցության,
եկեղեցին բնավ կողմնապահություն պետք է չունենա։ Մենք որպես եկեղեցի պետք է պահենք
չեզոքությունը, բայց հեղափոխությունից հետո 2018-ին մենք տեսանք, որ եկեղեցին ամբողջական
շուռ եկավ պետականության և իշխանության դեմ, դա հակաեկեղեցական է կամ հակաաստվածաշնչյան
է»,- ասաց տեր Արմենը։
Նա նշեց, որ 2018-ից առաջ Հայաստանում
իրենք տեսել են, որ շատ անարդարություններ են եղել, բայց ոչ մի օր չեն տեսել, որ եկեղեցին
բարձրաձայնի դրանց մասին, բայց շատ զարմանալի է, որ եկեղեցին այսօր միանգամից պոռթկաց
իշխանության և պետության դեմ՝ առանց նկատի ունենալու, որ դա անհնազանդություն է պետության
դեմ։
Խոսելով նաև այն մասին, որ վարչապետն
առաջարկել է ստեղծել համակարգող խումբ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու
և Կաթողիկոսական նոր ընտրությունների օրակարգի կազմակերպչական հարցերի համար, Տեր Արմենն
ասաց․ «Ես առաջիններից եմ, որ այդ խմբի մեջ եմ լինելու, ես այդ ուղղությամբ դիմում
գրել եմ։ Մեր համար, որպես հոգևորականներ, որպես հավատացյալներ, շատ կարևոր է եկեղեցու
ուղղումը։ Այսօր մենք չենք կարող մեր աչքերը փակել և ամեն ինչ տեսնել վարդագույն, ոչ,
այսօր, երբ մեր եկեղեցին բարոյական անկման մեջ է։ Ոչ ամեն ինչ հրաշալի չէ»,- ասաց տեր
Արմենը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան