Իրանա-իսրայելյան՝ օրերս
շարունակվող հակամարտությունը տարածաշրջանում անվտանգության մեծ ռիսկեր է ստեղծել,
հույս ունեմ, որ պատերազմի ծավալները չեն մեծանա, լուրջ էսկալացիաներ չեն լինի ու ՀՀ-ի
համար սպառնալիքներ չեն ստեղծի։ Այս մասին сivic.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության
հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը՝ հավելելով,
որ ՀՀ պատկան մարմինները այս օրերին լրջորեն զբաղված են ՀՀ-ի համար հնարավոր ռիսկերի
գնահատմամբ, և ըստ հնարավոր սցենարների՝ առկա է համապատասխան պլան։
«Ցանկացած միջոցառումների պլան հաշվի է առնում
ՀՀ ռեսուրսները՝ տնտեսական, անվտանգային, մարդկային, և ըստ այդ ռեսուրսների ու ուժերի
առկայության՝ մշակվում է որոշակի պլան»,- նշեց պատգամավորը։
Ըստ փորձագիտական կանխատեսումների՝ մինչ մեր
հարևան Իրանը զբաղված է իր անվտանգության խնդիրները
հոգալով, Ադրբեջանը կարող է օգտվել առիթից և կտրել-վերցնել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Իրանը, մինչդեռ, այս ընթացքում
զսպող դեր էր կատարում՝ կտրուկ դեմ արտահայտվելով նման «միջանցքին»։ ՀՀ-ն նման սցենարին՝
Ադրբեջանի ենթադրյալ գործողություններին հակադարձելու
ի՞նչ պլան ունի։ Խաչատրյանի խոսքով. «Նման գործողությունը կնշանակի հարձակում ՀՀ ինքնիշխան
տարածքի վրա։ ՀՀ ինքնիշխանության գրավականը ՀՀ զինված ուժերն են, որոնք ապահովում են
ՀՀ տարածքային ամբողջականությունը։ ՀՀ տարածքային ամբողջականության, անվտանգության
երաշխավորը Իրանը չէ, դա մեր բանակն է, մեր անվտանգային համակարգն է, և ցանկացած զինված
հարձակման պարագայում, մեր ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը վտանգ սպառնալու
դեպքում ՀՀ-ն իր պաշտպանական մեխանիզմներն է գործի դնելու»։
Արմեն Խաչատրյանի հետ խոսել
ենք նաև ՀՅԴ Գերագույն ժողովի հայտարարության, փողոցային նոր շարժման հավանականության, վարչապետին անվստահություն
հայտնելու գործընթացի, ինչպես նաև Նիկոլ Փաշինյան-Ամենայն հայոց կաթողիկոս բանավեճի
մասին։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հեղինե Մանուկյան