Գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց քննելու մասին միջնորդության քննարկումն ավարտվել է: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ:
Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտնեց գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանը՝ նշելով, որ դատարանի ակտի հրապարակման ժամի վերաբերյալ դեռ որևէ տեղեկատվություն չունեն:
Հիշեցնենք՝ այս գիշեր ձերբակալվել է գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանը: Վերջինս ոստիկանների ուղեկցությամբ բաժին է տեղափոխվել Ուլնեցի փողոցում գտնվող իր բնակարանից:
Ըստ գործարարի փաստաբանի՝ Սամվել Կարապետյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը։
Գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում է կայացվել, միջնորդություն է ներկայացվել կալանքի մասին:
Ավելի վաղ Սամվել Կարապետյանը հարցազրույց էր տվել և կարծիք հայտնել եկեղեցի-իշխանություն հարաբերությունների վերաբերյալ՝ ասելով. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։
Նրա այս հայտարարությանն արձագանքել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մեկ այլ գրառման մեջ էլ Փաշինյանը նկատել էր. «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»:
Ինչպես հայտնել ենք, հատուկջոկատայինները խուզարկություններ են իրականացրել գործարար, «Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի՝ Երևանում գտնվող տանը։