Եթե ՌԴ-ն Սամվել Կարապետյանին աջակցելու է Ռուբեն Վարդանյանի նման՝ թող շարունակի. Բարդուղ Գալստյան

Քաղաքական վերլուծաբան Բարդուղ Գալստյանի կարծիքով՝ Սամվել Կարապետյանին պետք է շնորհակալ լինել իր բարեգործությունների համար, բայց նրա քաղաքական հայտարարությունները բացարձակապես անտրամաբանական են: «Մեկ այլ պետության քաղաքացի, որը նույնիսկ Հայ առաքելական եկեղեցու անդամ չէ, չպետք է նման հայտարարություններ անի։ Նա կաթոլիկ է, ես գիտեմ, որ Տաշիրի բնակչության մեծ մասը կաթոլիկներ են... հետևաբար այդքան ոգևորությամբ պաշտպանել ՀԱԵ-ին՝ չլինելով հետևորդ, տրամաբանությունից դուրս է։ Նույն բանն է, ինչ ես բարեգործություն անեմ աֆրիկյան որևէ երկրում, հետո գնամ փորձեմ այնտեղ քաղաքականությամբ զբաղվել։ Չնայած ազգությամբ հայ լինելուն՝ բացարձակ իրավունք չունի ՀՀ քաղաքական հարցերին խառնվելու՝ հատկապես եկեղեցու միջնորդությամբ ու հովանավորությամբ»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։


Ըստ մեր զրուցակցի՝ ՌԴ-ն փորձում է իր ողջ գործիքակազմն օգտագործել Հայաստանում ընտրություններին ընդառաջ՝ այստեղ քաղաքական անկայունություն  մտցնելու, գուցե մինչև հերթական ընտրությունները փոփոխություն իրականացնելու համար։


Վերլուծաբանը կարծում է, որ հնարավորինս շուտ պետք է թոթափել ռուսական ազդեցությունը, և ինչքան արագ դա ստացվի, այնքան ավելի  բարիդրացիական կլինեն հայ և ռուս ժողովուրդների հարաբերությունները. «ՌԴ-ն օգտագործելու է իր բոլոր գործիքները, որպեսզի հեղինակազրկի թե՛ իշխանություններին, թե՛ ՀՀ հեղինակությունը միջազգային ասպարեզում՝ այստեղ ռուսական բացարձակ վերահսկողություն սահմանելու համար»։


Միևնույն ժամանակ Գալստյանը համարում է, որ շատ ավելի էֆեկտիվ կլիներ, եթե Կարապետյանին ոչ թե երկու ամսով կալանավորեին, այլ արգելեին նրա մուտքը ՀՀ և ազգայնացնեին ՀԷՑ-ը. «Իսկ այս կերպ քաղցրացնում են նրա կերպարը որպես քաղաքական ֆիգուր»։


Ինչո՞ւ են ՌԴ գործիչները այդքան ոգևորությամբ պաշտպանում Սամվել Կարապետյանին, հարցին ի պատասխան Բարդուղ Գալստյանն ասաց. «Սա պատահականություն չէ։ Մի քանի տարի առաջ Ռուսաստանում ինչ-ինչ ճանապարհով հարստացած օլիգարխ Ռուբեն Վարդանյանին գործուղեցին Արցախ, վերջում օգտագործելուց հետո նվիրեցին Ադրբեջանին։ Եթե այդպես են աջակցելու Սամվել Կարապետյանին՝ թող աջակցեն»։



Հարցազրույցն՝ ամբողջությամբ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան