Պոլսո հայոց պատրիարքարանի քայլը անարգանք էր ՀՀ նկատմամբ․ հայ համայնքը վրդովված է

Ստամբուլում գործող «Ակոս» պարբերականի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը նշեց, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումից սպասումներն ավելի շատ էին, քան արդյունքները։ Միաժամանակ, սակայն, յուրաքանչյուր հաջորդ այցելություն առաջընթացի ապացույց է։ Էստուկյանը հիշեցրեց, որ բանագնացներ կան նաև նշանակված, 4 հանդիպում է եղել, իսկ հիմա տեղի ունեցավ ղեկավարների հանդիպում, ինչը պետք է գնահատել որպես առաջընթաց։


Էստուկյանը նկատեց, որ հանդիպմանը ներկա չէին Պոլսո հայոց պատրիարքարանի ներկայացուցիչներ։ Նաև պատրիարքարանում ոչ աշխատանքային օր էին հանդիպել, և այնտեղ ևս վարչապետին ոչ ոք չդիմավորեց։ «Իմ իմացած շրջանակներու մեջ շատ մարդիկ քննադատեցին եկեղեցու այս կեցվածքը, հարգանքի պակաս համարեցին հանդեպ Հայաստանի Հանրապետության և այն ներկայացնող վարչապետին։ Հետևաբար՝ մեղադրելի գտան եկեղեցու այս կեցվածքը»,- ասաց Էստուկյանը։


Նա նաև անդրադարձավ վարչապետի դիրքորոշումներին՝ կապված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ։ Նշեց՝ վարչապետի դիրքորոշումները մեծամասամբ չեն տարբերվում ՀՀ նախկին ղեկավարների մոտեցումներից։ «Դա մեր ռոմանտիկ ներքին գաղափարախոսություններն են, որ իբրև թե պիտ երթանք, պիտ արշավենք գրավյալ Արևմտյան Հայաստանը, հայոց պատմական հայրենիքը և այլն»,- նկատեց Էստուկյանը։


Նա կարևորեց նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, որը, նկատեց, մերժել է թուրքական կողմը։ Թուրքական կողմից կամքի բացակայությունը Էստուկյանը գնահատեց Ադրբեջանի միջամտությամբ։ Նշեց, որ Ադրբեջանից սպառնալիքի լեզվով միջամտում են, երբ տեսնում են, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում անգամ աննշան առաջընթաց է նկատվում։

Էստուկյանը վստահեցրեց, որ Թուրքիան շահագրգռված է Հայաստանի հետ սահմանների բացմամբ։ Սահմանների փակ լինելը նշանակում է խնդիրների առկայություն, ինչը որևէ երկրի համար չի կարող դրական լինել:

 

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան