Հայաստանի համար նվեր կլինի, եթե Իրանում հաստատվի դեմոկրատական ռեժիմ․ Ստեփանյան

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի կարծիքով՝ Իրան-Իսրայել պատերազմի հարցում որևէ կանխատեսում անելն անշնորհակալ գործ կլինի: «Այս պահին որքան սցենար կա Իրանի շուրջ՝ դրանք բոլորն ունեն իրականանալու հնարավորություն»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։


Ստեփանյանի դիտարկմամբ՝ պատերազմը երկար է տևելու, օրերի ու շաբաթների հարց չէ: «Իրանը շարունակելու է հարվածներ հասցնել Իսրայելին, Իսրայելը՝ Իրանին»,- նկատեց նա։


Մեր զրուցակցի խոսքով՝ եթե Իրանում շատ կարճ ժամանակաշրջանում իշխանափոխություն լինի, հաստատվի ավելի դեմոկրատական ռեժիմ՝ դա Հայաստանի համար նվեր կլինի։


Խոսելով Իրանի և Իսրայելի աջակիցների մասին՝ քաղաքագետն ասաց, որ ՌԴ-ն Իրանին լավագույն դեպքում կարող է բարոյական աջակցություն ցույց տալ. «Ռուսաստանն այսօր այն երկիրը չէ, որը կարող է պատերազմի մեջ մտնել Իսրայելի ու ԱՄՆ-ի հետ։ Միանշանակ այս պահին ուժն Իսրայելի կողմն է. ես պարոն Արաղչիի տեղը լինեի, Ռուսաստանից սպասելիքներ չէի ունենա»։


Նրա դիտարկմամբ՝ եթե Իրանում գան դեմոկրատական ուժեր, որոնց մեջքին ԱՄՆ-ն է լինելու, միջանցքի հարցում փոփոխություն չի լինի. «Ֆանտաստիկ սցենար է իհարկե, բայց այդ ժամանակ խոսք է գնալու Միջին միջանցքի մասին, որը ձեռնտու է նաև մեզ։ Մենք չենք քննարկելու Զանգեզուրի միջանցք, քննարկելու ենք Միջին միջանցք, որը լինելու է  ԱՄՆ -ի նախաձեռնությամբ, և դա մեզ համար վատ տարբերակ չէ»։


Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան