Սամվել Կարապետյանին պետք է հայտարարել ՀՀ-ում անցանկալի անձ․ նա ավելի շատ անելիք ունի ՌԴ-ում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ քննարկել ենք ներքաղաքական վերջին զարգացումները։


Նա նշեց, որ առաջինը մի քանի հիմնարար սկզբունքներ մենք պետք է հաշվի առնենք կամ ամրագրենք, որոնց հիման վրա տեղի ունեցող այս բոլոր երևույթները պետք է վերլուծության ենթարկել և գնահատել։


«Առաջինն իհարկե այն է, որ եկեղեցին և պետությունը, եկեղեցին և կրթությունն իրարից պետք է լինեն տարանջատ՝ որպես ինստիտուտներ։ Սա ենթադրում է, որ եկեղեցին քաղաքականությամբ զբաղվելու որևէ հավակնություն չպետք է ունենա, որովհետև դա աշխարհիկ գործ է. սա հասարակ, սովորական կազմակերպություն չէ, սա հոգևոր ոլորտն է, որի ներկայացման կամ որի բնագավառում ծառայություն մատուցելու հանձնառությունը եկեղեցին վերցրել է իրեն, ինչպես շատ-շատ այլ եկեղեցիներ։ Եվ այդ առումով անթույլատրելի պետք է համարվի ցանկացած եկեղեցականի՝  քաղաքական գործունեությամբ զբաղվելը, որովհետև չի կարելի հոգևոր ծառայության բնագավառում քաղաքական քարոզչություն տանել»,- ասաց Արթուր Սաքունցը։  


Խոսելով նաև Սամվել Կարապետյանի մասին՝ Արթուր Սաքունցն ասաց, որ հաջորդ խնդիրն է գալիս, որ այլ պետության քաղաքացին ներքաղաքական այդ բանավեճի ժամանակ հանդես է գալիս որպես կողմ, ընդ որում՝  այնպիսի պետության, որն անթաքույց միջամտում է ՀՀ ներքին քաղաքական գործընթացներին, և այդ քաղաքացին, որպես այդ  պուտինյան ռեժիմի կարկառուն ներկայացուցիչ, հանդես է գալիս ներքաղաքական հայտարարությամբ։


«Իմ համոզմամբ՝ միակ իրավական ճանապարհը, որ կարող էր կիրառվել ՀՀ քաղաքական իշխանության կողմից, հայտարարել Սամվել Կարապետյանին անթույլատրելի անձ և ժամկետ տալ՝ հեռանալու ՀՀ սահմաններից»,- ասաց Արթուր Սաքունցը։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան