Սամվել Կարապետյանը ոտքից գլուխ ռուսական պրոյեկտ է. նա այնքան հայ է, որքան Մարգարիտա Սիմոնյանը

 «Հանուն հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանի հետ զրուցել ենք Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և ներհայաստանյան զարգացումների մասին։


Այսօր առավոտյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «12-օրյա պատերազմի» ավարտի շուրջ։


Այս առնչությամբ մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ դա երկար կպահպանվի, և ցանկացավ շնորհավորել իսրայելցիներին ու իրանցիներին, որ իրենք կարողացան գալ խաղաղության: Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ մեր տարածաշրջանում լինի խաղաղություն, շատ կարևոր է, որ Իրանը համագործակցող երկիր լինի Արևմուտքի հետ, և մեզ համար շատ կարևոր է, որ հնարավորության դեպքում ի վերջո ստորագրեն այդ միջուկային նոր գործարքը՝ ԱՄՆ միջնորդությամբ, և Իրանի շուկան, տնտեսությունը բացվի տարածաշրջանի, աշխարհի համար։


Խոսելով նաև որոշ հոգևորականների և ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի ակտիվության մասին՝ Առնոլդ Բլեյանն ասաց. «Հետքերը գնում են դեպի հյուսիս, դեպի Ռուսաստան: Ես այստեղ ամենակարևոր շեշտադրումը պետք է անեմ, որ ՀԷՑ-ը ազգայնացվելու է, վերադարձվելու է ժողովրդին: Մենք գիտենք, որ դրանից առաջ եղան «Էլեկտրիկ Երևանի» դեպքերը, և այդ պրոցեսների արդյունքում տեղափոխություն եղավ Բիբինից դեպի Սամվել Կարապետյան, բայց այն հանգամանքը, որ նա կրում է հայկական անուն-ազգանուն, չի նշանակում, որ այն պատկանում է հայերին, որովհետև Սամվել Կարապետյանն ամբողջությամբ ռուսական պրոյեկտ է, ոտքից գլուխ։ Որքան Մարգարիտա Սիմոնյանն է հայ, նույնքան հայ է Սամվել Կարապետյանը։ Սա պետք է հստակեցնենք և չխաբվենք ու չմտածենք, որ սա բիզնեսի հանդեպ հարձակում է, հակառակը՝ դրանով մենք ցույց ենք տալիս, որ ՀՀ բիզնեսը պետք է գործի ՀՀ օրենսդրությամբ և հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերի»։


Իսկ ինչ վերաբերում է Կտրիճ Ներսիսյանին, մեր զրուցակիցն ասաց, որ մի կողմ դնենք, ենթադրենք, այն փաստարկը, որ  իշխանությունն է պահանջում, ՀՀ ցանկացած քաղաքացի, հավատավոր ունի այդ հարցադրումն անելու իրավունքը, ընդ որում՝ հոգևորականներն իրենց հերթին ունեն այդ իրավունքը՝ հարցադրում անելու իրենց գերագույն հրամանատարին՝ կաթողիկոսին, ի վերջո՝ նա խախտե՞լ է կուսակրոնության ուխտը, թե՞ ոչ։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան