Երկխոսությունը կողմերի միջև շարունակվում է, որոշ օրակարգի մշակում է իրականացվում․ թուրքագետ

Զուտ արդյունքների տեսանկյունից Ստամբուլում կայացած Փաշինյան-Էրդողան հանդիպումը անարդյունավետ էր։ Այս մասին Civic.am-ի եթերում ասաց թուրքագետ Նելլի Մինասյանը։ «Բայց դրական է, որ երկխոսությունը կողմերի միջև շարունակվում է, և երկկողմանի որոշ օրակարգի մշակում է իրականացվում, որը, հույս ունենանք, ապագայում ավելի դրական դեր կխաղա առաջիկա գործընթացների հետ կապված։ Արդեն կա գործընթաց, և կողմերը քննարկում են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ, և հնարավոր է, որ այս հարցերում կարողանան հասնել համաձայնության կամ համատեղ որոշակի ծրագրերի ներկայացման»։


Թուրքական մամուլը, ըստ Մինասյանի, նախքան հանդիպումը ավելի մեծ սպասումներ էր գեներացնում, սակայն հանդիպումից հետո որոշ վերապահումներ արտահայտեցին արդեն։


Տարածաշրջանում լարված իրավիճակն ու Իրան-Իսրայել փոխադարձ հարվածները, թուրքագետի կարծիքով, ևս կարևոր պայման են տարածաշրջանային հարցերը քննարկելու տեսանկյունից։ Նաև 2020 թվականի պատերազմից հետո Թուրքիան իր դիրքերը տարածաշրջանում ավելի է ամրացրել ու ավելի լայն պարտականություններ է ստանձնել։


Մինասյանը նաև նկատեց՝ Թուրքիայի ռազմավարությունը Հայաստանի նկատմամբ ձևավորվել է դեռևս 90-ականներին և էության մեջ մինչ օրս փոփոխությունների չի ենթարկվել, իսկ այդ ռազմավարության մեջ Ադրբեջանը էական տեղ է զբաղեցնում։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան