Գործ ունենք հիբրիդային հեղաշրջման փորձի հետ․ կասկածներ կան, որ այն ունի արտաքին հետք

Անկախ հետազոտող Էդգար Վարդանյանի կարծիքով` գործ ունենք հիբրիդային հեղաշրջման փորձի հետ։ Civic.am-ի հետ զրույցում Վարդանյանը մանրամասնեց, որ հիբրիդային հեղաշրջման ժամանակ կիրառվում է տարբեր գործիքակազմ, շեշտ է  դրվում այն բանի վրա, որ որոշակի մարդկանց մոբիլիզացնում, դուրս են բերում փողոց, որպեսզի ապահովեն ժողովրդավարական գործընթացի շղարշ «Բայց բուն գործողությունները ուժային, հակաիրավական են։ Մի խումբ մարդիկ կոնկրետ հանձնարարականներ են իրականացնում՝ այդ թվում գումար ստանալու դիմաց։ Այն, որ իրենք պետք է գույք փչացնեին, նաև կիբերհարձակումներ իրականացնեին կառավարության կայքերի վրա, փակեին ոստիկանական ուժերի ելումուտը, պայթուցիկ միջոցներով աղմուկ ու վնաս հասցնեին տարատեսակ շինություններին հենց դրա վկայությունն է։Վերջիվերջո այն խոսույթը, որն առաջ է քաշվել այդ ամենը կազմակերպելիս՝ վկայում է  այն մասին, որ գործ ունենք հիբրիդային հեղաշրջման փորձի հետ»,-նկատեց նա։

 

Խոսելով այն մասին, թե արդյոք այս գործողություններում կա ռուսական հետք, Վարդանյանը նշեց «Դա պետք է պարզեն իրավապահ մարմինները, սակայն կարող ենք հստակ ասել, որ շատ դեպքերում կան մեկին մեկ նարատիվների համընկնումներ»։

 

Ըստ Վարդանյանի՝ ռուսական որոշ շրջանակներ  պարբերաբար վերբալ հարձակումներ են իրականացնում ՀՀ իշխանությունների նկատմամբ․ «Մենք նաև գիտենք, որ մեր  ծայրահեղ ընդդիմադիրներն ունեն բիզնես շահեր ռուսական շրջանակների հետ։ Նրանք մշտապես նույն դիսկուրսն են առաջ տարել՝ առ այն, որ արևմուտքը իշխանության է բերել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի  Հայաստանն ընկնի արևմուտքի ազդեցության գոտու տակ , ՀՀ-ն վերանա որպես ազգային սուբյեկտ, որ սա գլոբալիստների խաղն է և այս ամենը նրա համար է, որ Թուրքիան մտնի տարածաշրջան։ Այս բոլոր գործողություններում մենք տեսնում ենք ռուսաստանաբնակ խոշոր օլիգարխների ներգրավվածություն ու սա կարող է առնվազն  կասկածներ առաջացնել, որ այս ամենում կա արտաքին հետք, սակայն այս պահին մենք ուղղակի ապացույցներ չունենք»,-եզրափակեց նա։


Մանրամասները՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան