Ընդդիմադիր
դաշտը մինչև երեկ ուներ ազատության մեջ գտնվող և իր քաղաքական գործողություններում, հայտարարություններում ազատություն
ունեցած, դրսևորած Վազգեն Գալստանյան անունով, հոգևորականի կապա կրող գործիչ։ Երեկվանից նա (ինչպես
նաև մեկ տասնյակից ավելի նրա աջակիցները) այլևս կալանքի տակ է և մեղադրվում է իշխանության
յուրացման, ահաբեկչության կազմակերպման, զանգվածային անկարգությունների
հրահրման, իշխանազավթման մեջ։ Վերջինիս
կալանավորումը բացառիկ է՝ հաշվի առնելով նրա կարգավիճակը՝ արքեպիսկոպոս, որը, ընդգծենք,
քաղաքական պայքարի մեջ էր Հայ եկեղեցու գլխի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի իմացությամբ
ու օրհնությամբ՝ «սառեցնելով» եկեղեցական իր
30-ամյա գործունեությունը, փաստորեն, հանուն
քաղաքական անհեռանկար ու վտանգավոր արկածախնդրության։ Նկատենք, որ նման պրոցեսի մեջ
նրան ներքաշեցին և, թող թույլ տրվի ասել, օգտագործեցին նախկին իշխանության պարագլուխներն
ու նրանց ստվերային կառավարիչները, իսկ Մայր Աթոռը, փաստորեն, համախոհություն հայտնելով
աշխարհիկ՝ քաղաքական այրերի զազիր կրքերի բավարարմանը, զոհաբերեց իր ներկայացուցչին՝ չապահովագրելով վերջինիս
նման անփառունակ վախճանից։ Բարոյական վախճանը նկատի ունենք։ Հարգելով բոլորի անմեղության
կանխավարկածը՝ ևս մեկ անգամ արձանագրենք՝ արքեպիսկոպոսը, որը եկեղեցականորեն համարվում
է Հիսուս Քրիստոսի առաքյալների հաջորդը՝ ձեռնադրությամբ և օծմամբ իրեն բաշխված Ս. Հոգու շնորհներով, որպես հավատացյալ ժողովրդի
հովիվ ու առաջնորդ հսկելով քրիստոնեական վարդապետության ուղիղ ուսուցումն ու սրբազան
պաշտամունքների կանոնավոր կատարումը, պարզվում
է, միտքն ու շուրթերը պղծել է «մի երկու հոգու
պատի տակ գյուլլելու, մի 15 հոգու բանտերը լցնելու», «ջարդել-կոտորելու», ՀՀ քաղաքացիների
կենսագործունեությունն ապահովող կառավարության կայքերը շարքից հանելու, կարճ ասած՝
երկրում քաոս, անիշխանություն ստեղծելու և այլ նողկալի գործողությունների մասին հայտարարություններ
անելով ու պլան գծելով (տե՛ս ՔԿ-ի ձայնագրությունները)։
Մենք նախորդիվ՝ դեռ այն օրերին, երբ Բագրատ սրբազանը նոր էր քայլերթով հասել Երևան ու քաղաքական վերջնագրեր էր ներկայացնում իշխանությանը, պաշարում էր ԱԺ-ի շենքն ու հավաքված բազմությանը տանում ոստիկանների հետ բախման, առիթ ունեցել ենք անդրադառնալու եկեղեցու բարձրաստիճան սպասավորի վարքագծի վերաբերյալ Կաթողիկոսի ցուցաբերած լոյալությանը, եթե չասենք՝ անգործությանը։ Եկեղեցական կանոնադրությունը («Հայաստանի Հանրապետության ներքին սփյուռքի տարածքի վրա գործող Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի «Նախաշավիղ»), որքան մեզ է հայտնի, «պատժի ինստիտուտ» է նախատեսում «անկարգ» հոգևորականների համար։ Մասնավորապես, եթե որևէ հոգևորական գտնվում է «անկարգ ընթացքի մեջ», ապա վերջինս կարգի է հրավիրվում Վեհափառ Հայրապետի բանավոր նկատողությամբ։ (Թեև սույն կանոնադրության մեջ մասնավորեցված չէ «անկարգ ընթացք» հասկացությունը, սակայն ակնհայտ է, որ խոսքն այն ընթացքի մասին է, որը հակասում է կամ դեմ է եկեղեցականի կանոնագրային վարքին ու առաքելությանը)։ «Անկարգ ընթացքը» շարունակելու դեպքում էլ նախատեսվում է գրավոր նկատողության «պատժատեսակը», իսկ եթե հոգևորականը համառում է իր անկարգության մեջ, ապա նա կարող է ենթարկվել փիլոնազրկման կամ պաշտոնազրկման։ Ծայրահեղ պարագայում էլ Վեհափառ Հայրապետը տնօրինում է կարգազրկումը։ (Ի դեպ, Գալստանյանը եպիսկոպոս է ձեռնադրվել 2003 թվականին, ձեռամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, 2023 թվականին էլ արքության պատվի է արժանացել Գարեգին Բ-ի Հայրապետական Կոնդակով)։ Ասել է թե՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գալստանյանին կարող էր կարգի հրավիրել՝ պատվիրելով չխառնվել իր առաքելությանը հակասող գործողություններին, չզբաղվել իր՝ քրիստոնեական վարդապետության ուսուցմանը դեմ եղող գործողություններով՝ ատելության խոսքի տարածումից մինչև, փաստորեն, զանգվածային անկարգությունների, իշխանության յուրացման և ահաբեկչության ծրագրում։ Մինչդեռ Գարեգին Բ-ն այդպես էլ «ծայրահեղ պարագա» չդիտարկեց Մայր Աթոռի հետ նույնացվող ու այդ ինստիտուտի անունից հանդես եկողի վարքագիծն ու հավուր պատշաճի միջոցներ չձեռնարկեց՝ այսպիսով ցուցանելով իր համաձայնությունը եկեղեցու անունից հանդես եկողի բռնած վտանգավոր գործին։
Հիշեցնենք՝ երբ Գալստանյանը հայտարարեց, թե
դիմել է Վեհափառին՝ իր 30-ամյա եկեղեցական գործունեությունը «սառեցնելու»
խնդրանքով, Մայր Աթոռից արձագանքել էին. «Պայմանավորված «Տավուշը
հանուն հայրենիքի» շարժման առաջնորդության մեջ ստանձնած հանձնառություններով և
հայրենական կյանքում ժողովրդական ընդվզմանը մասնակցությամբ՝ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ կասեցնելու իր հոգևոր ծառայությունը։
Սրբազանի խնդրանքը քննարկվել է Մայր Աթոռում և որոշվել վերջինիս ընթացք տալ մինչ
նոր տնօրինություն։ Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված
է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը»։ Սա նշանակում է, որ այս ողջ
ընթացքում Գալստանյանը խոսել և գործել է որպես եկեղեցու բարձր ներկայացուցիչ (ընդամենը
դադարել է իրականացնել Տավուշի թեմի առաջնորդի ֆունկցիան։ Նկատենք՝ Գալստանյանը
Գերագույն հոգևոր խորհրդի անդամ է և մինչև այժմ Մայր Աթոռի կայքում նրա անունը
նշված է անդամների ցանկում)։ Եվ քանի որ «կարգի չի հրավիրվել» վերադասի
կողմից, նշանակում է՝ նրա բերանով հայտարարություններ արել է նրա «վերադասը»՝ Գարեգին Բ-ն, նրա ձեռամբ ևս գործել
է նույն պերսոնը՝ Գարեգին Բ-ն։ Հետևապես Ամենայն Հայոց Կաթողիկոսը եթե ոչ ուղղակի,
ապա անուղղակի կերպով կրել և կրում է Վազգեն Գալստանյանի վարքագծի, արարքների պատասխանատվությունը։ Ի դեպ, պատասխանատվության մասին. սա այն հասկացությունն է, որի վերաբերյալ
Մայր Աթոռն իր ղեկավարով ունեն կամընտրական մեկնաբանություն. երբ իրենց շահերից է
բխում՝ հիշում և կիրառում են, իսկ երբ չի բխում՝ իրենց դնում են ռետինե խողովակի
տեղ ու... խաչակնքում։
Վերջերս սույն կառույցը հիշել էր պատասխանատվության մասին և շատ օպերատիվ արձագանքեց Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի հայտարարությանը, որը նա արել էր Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի՝ ՀՀ վարչապետի այցի առիթով հնչեցրած ողջույնի խոսքում։ «Թեմակալ առաջնորդի կողմից արտահայտված որոշ մտքեր և դատողություններ խիստ սուբյեկտիվ են, անհատական և վերագրելի չեն Եկեղեցուն։ Որևէ հարցի առնչությամբ գնահատականներ հնչեցնելիս, հատկապես երբ Եկեղեցու պաշտոնական դիրքորոշում առկա չէ, եկեղեցականները որոշապես պետք է շրջահայացություն և զգուշավորություն դրսևորեն թյուր մեկնաբանությունների տեղիք չտալու համար»,- նշված էր Մայր Աթոռի հայտարարության մեջ: Դրա ոգուց ու տառից բխում է, որ եկեղեցական համարվող, այն էլ՝ արքության պատիվ կրող եպիսկոպոս Գալստանյանը, չցուցաբերելով շրջահայացություն և զգուշավորություն, վարչապետին «նեռ, չարիք» էր անվանում, իշխանափոխություն պահանջում՝ «զրո» արձագանքի արժանանալով Մայր Աթոռի կողմից, արտահայտում էր վերջինիս տեսակետին հարիր և վերագրելի դիրքորոշում։ Մեր այս ենթադրությունն, ի դեպ, հիմնավորելու եկավ Գերագույն հոգևոր խորհրդի՝ Գալստանյանի և մյուսների նկատմամբ իրավապահների ձեռնարկած գործողություններին հաջորդած արձագանքը։ Դրանում, ինչպես և սպասվում էր, Գալստանյանին եպիսկոպոս ձեռնադրած Գարեգին Բ-ն և «գրասենյակը» դատապարտող ոչ մի խոսք չեն ասել, ափսոսանք չեն հայտնել իրենց ներկայացուցչի վարքագծի վերաբերյալ։
Փոխարենը «դատապարտելի» է համարվել «հիշյալ գործընթացը Եկեղեցու հետ արհեստականորեն կապակցելու և Մայր Աթոռի անունը շահարկելու դիտավորությունը, ինչն ամբողջապես տեղավորվում է իշխանությունների նախաձեռնած հակաեկեղեցական արշավի համատեքստում»։ Սա,
ինչպես ասում են, ցինիզմի, անհամարժեքության, եթե կուզեք՝ լպիրշության բացառիկ դրսևորում
է. երբ, փաստորեն, Գալստանյանը կամ, ասենք, Միքայել արքեպիսկոպոս
Աջապահյանը, Սամվել արքեպիսկոպոս Խաչատրյանը կամ որևէ քահանա ՀՀ իշխանության կամ
վարչապետի վերաբերյալ նողկալի հայտարարություն է անում, ռազմական հեղաշրջման խնդիր
բարձրացնում, այդ ամենը հակաիշխանական համատեքստում չէ, պետք չէ արհեստականորեն
կապակցել եկեղեցու հետ, դրանք անհատ, եթե կուզեք՝ ինքնագլուխ, ինքնաշխատ
եկեղեցականների տեսակետներ են։ Գարեգին Բ-ն ու եկեղեցին ի՞նչ կապ ունեն։
Արդ, լեգիտիմ
հարցադրում է ի հայտ գալիս՝ եթե այս բոլոր անկարգ-անպատկառ, անզգամ-ապերասան եկեղեցականների խոսքն ու գործը կապակցված չեն
եկեղեցուն և դրա գլխին, ապա ո՞ւմ են կապակցված ու վերաբերելի։ Արդյոք այն նույն
կենտրոնի՞ն, որին սերտորեն կապակցված լինելու, այդ կենտրոնից թելադրվելու և ՀՀ
իշխանության հեռացման «հոգևոր օրակարգը» սպասարկելու մասին մեղադրանքներ են հնչում
Գարեգին Բ-ի վերաբերյալ՝ այդպես էլ պատշաճ հերքման չարժանանալով։
Հ. Մանուկյան