Նորքի այգիներում թմրանյութ տեղադրելու պահին ձերբակալվել է 43-ամյա կին. հայտնաբերվել է 40 փաթեթ

Հունիսի 24-ին Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները ստացան օպերատիվ տեղեկություն, որ Նորքի այգիներում մի կին պատրաստվում է թմրանյութով փաթեթներ տեղադրել։


Ժամը 13:40-ին Նորքի այգիներում հենց թմրանյութ տեղադրելու պահին մայրաքաղաքի Աբովյան փողոցի բնակիչ 43-ամյա կինը ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին:


Նրա խուզարկությամբ հայտնաբերված շինարարական ձեռնոցում կար զիպ փականով 40 փաթեթ՝ տարբեր քաշերի մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող դեղնականաչավուն զանգվածներով: Դրանց ընդհանուր քաշը մոտ 65 գրամ էր։


Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։


Նախաձեռնվել է քրեական վարույթ։


Հանգամանքները պարզվում են: