Որոշ հոգևորականներ Կտրիճ Ներսիսյանի աջակցությամբ գործում են ՀՀ պետականությունը քայքայելու համար

«Որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդի՝ ինձ համար շատ տարօրինակ և դատապարտելի է, որ եկեղեցու սպասավորները նման ծայրահեղ դաժանություն կարող էին կազմակերպել Երևանի կենտրոնում և Հայաստանի Հանրապետությունում»,- այս մասին сivic.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սոնա Ղազարյանը՝ անդրադառնալով եկեղեցու բարձրաստիճան հոգևորականի՝ Վազգեն Գալստանյանի մասնակցությամբ երկրում իշխանության յուրացման, ահաբեկչության, զանգվածային անկարգությունների կազմակերպման վերաբերյալ՝ օրերս բացահայտված պլանին։  


Ըստ Ղազարյանի՝ թյուր է այն կարծիքը, թե առկա է իշխանություն-եկեղեցի դիմակայություն։ Վարչապետը բարձրացրել է եկեղեցու սպասավորների  անաղարտության խնդիրը։ «Մյուս կողմից էլ՝ կան որոշ հոգևորականներ, որոնք ես չեմ բացառում, որ Կտրիճ Ներսիսյանի ուղիղ աջակցությամբ են գործում և ամեն ինչ անում են ՀՀ-ի քայքայման, ՀՀ պետականության վերացման գործընթացին մաս դառնալու համար։ Եվ այս կոնտեքստում ինձ համար անընդունելի է այն, որ Միքայել Աջապահյանը օգտվում է վեհարանի, Մայր Աթոռի պատերից և փորձում է փախչել իրավապահ համակարգից։ Այսպիսով նա ի ցույց է դնում իր խոսքերի համար   պատասխանատվություն չկրելը, նրան ոչ ոք չէր ստիպում հեղաշրջման կոչեր անել,  օրեր անց  դրանք վերահաստատել: ՀՀ-ում բոլորը պետք է գիտակցեն, որ բոլոր փորձերը՝ կործանելու ՀՀ պետությունն ու պետականությունը, ստանալու են ամենախիստ իրավական գնահատականը։ Անընդունելի են հեղաշրջման կոչերը ՀՀ-ում»։


Պատգամավորը, ի պատասխան  հարցի՝ ի՞նչ հանգուցալուծում կստանա գործընթացը՝ եկեղեցու կանոնադրությունից շեղված հոգևորականները կազատե՞ն վեհարանը։ Ըստ կառավարող ուժի ներկայացուցչի՝ եկեղեցին պետք է ինքն իրեն ըստ արժանվույն գնահատի, ինքնահայեցմամբ զբաղվի և հարց տա իրեն՝ ինչպես են իրենց շարքերում հայտնվել նրանք, ովքեր քրիստոնեությունից կիլոմետրերով հեռու են և պարբերաբար հղում են տալիս Սահմանադրությանը, բայց չեն նկատում, թե ինչ քայլեր են անում ընդդեմ այդ նույն Սահմանադրության, սահմանադրական կարգի խախտման, ՀՀ ինքնության կործանման համար։


Սոնա Ղազարյանի հետ զրուցել ենք նաև գործարար, կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի միջոցով ՀՀ-ում «Բիձինա Իվանիշվիլի» օպերացիա իրականացնելու սցենարի հավանականության, ընդդիմության նախաձեռնած իմպիչմենթի գործընթացի, նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի առաջարկի՝  Աջապահյանին առաջադրել վարչապետի թեկնածու, և այլնի վերաբերյալ։

 

Մանրամասն՝ տեսանյութում։

Հեղինե Մանուկյան