«Հանրապետություն» կուսակցության
նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով՝ Հայ առաքելական եկեղեցին ակնհայտ մտել է քաղաքական
դաշտ և որպես քաղաքական գործոն որոշակի դրսևորումներ է ցուցադրում տարբեր տեսակի հայտարարությունների
ու մոտեցումների ձևով: «Իսկ երկու-երեք սրբազան ակնհայտ քաղաքական խոսույթ են վարում։
Կրկնակի ցավալի է նաև այն, որ Հայ առաքելական եկեղեցին սպասարկում է ոչ թե Հայաստանի,
այլ օտար երկրի շահը։ Այդ շահը հյուսիսից է, ու
ՀԱԵ-ն կրկնում է հյուսիսի մեր ոխերիմ
բարեկամների խոսույթը»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակցի խոսքով՝ վաղուց ժամանակն է, որ ՀԱԵ-ն վերադառնա
իր արմատներին, ծառայի Աստծուն ու հայ ժողովրդին. «Այն մոտեցումերը, որ ներկայացնում
է Բագրատ սրբազանը, ոչ միայն հոգևոր չեն, այլև բնորոշ են բոլոր սահմաններն անցած տեռորիստներին։
Դրանք մազոխիստական են, ու նման մոտեցում ունեցող մարդիկ ստացիոնար հոգեբույժի մոտ
բուժման կարիք ունեն։ Երկու տարուց ավելի զգուշացնում եմ, որ ՀԱԵ-ն պետք է հրաժարվի
քաղաքական գործընթացներին մասնակցելուց։ Ցավոք սրտի, չլսեցին, ու դրա հետևանքը դարձավ
այն, որ այսօր ԱԱԾ-ն Էջմիածնի Վեհարանում փորձում է արքեպիսկոպոսի բերման ենթարկել, որն իր հայտարարություններով
Հայաստանում հեղաշրջման խնդիր է բարձրացնում»։
Արամ Սարգսյանի դիտարկմամբ՝ փիլոնով ու խաչով Միքայել Սրբազանը
չի կարող առաջադրվել վարչապետի թեկնածու. «Կարծում եմ՝ պարոն Մարուքյանը որպես իրավաբան
դա շատ լավ գիտի և դա ասում է իր մեծահոգությունը ցույց տալու համար։ Եկեղեցին դա կգնահատի»,-
ընդգծեց նա՝ խոսելով Միքայել Սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրելու և Փաշինյանին
իմպիչմենտ հայտնելու վերաբերյալ Մարուքյանի
հայտարարության մասին։
Նրա դիտարկմամբ՝ իրավապահների
բացահայտումը փրկեց Հայաստանի Հանրապետությունը նոր Հոկտեմբերի 27-ից: «Ի պատիվ ՀՀ ԱԱԾ-ի ու ՆԳՆ-ի բազմաթիվ աշխատակիցների մենք կարողացանք
շրջանցել այս ամենը»,- եզրափակեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան