Բացահայտվել է կրեմլյան ագենտուրային ցանցը. Ճակատագրական պահ է՝ կդառնանք անկա՞խ պետություն, թե՞ գուբերնիա

Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ զրուցել ենք վերջին օրերի ներհայաստանյան զարգացումների, երկու արքեպիսկոպոսների ու ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի կալանավորման մասին։


«Անկեղծ ասած, ինձ համար որևէ անակնկալ չկա, բավական է նայել, թե ինչ է կատարվում ուրիշ պետություններում։ Սա հիբրիդային պատերազմ է իրականում, և պարզապես բացահայտվել է կրեմլյան ագենտուրային ցանցը. փորձեմ իմ վարկածը ներկայացնել։ Ընդ որում, չեմ կարծում, որ այդ ցանցը բացահայտվել է մեր ազգային անվտանգության ուժերով, հակառակ դեպքում ԱԱԾ տնօրենին չէին հեռացնի աշխատանքից։ Նման գործողություններ կատարելու համար չեն հեռացնում աշխատանքից, հակառակը՝ հեռացնում են աշխատանքը տապալելու համար։ Նոր բան չկա, նման իրադարձություններ տեղի են ունեցել և՛ Մոլդովայում, և՛ Ռումինիայում, անձամբ ես կարծում եմ, որ պարզապես մեր իրական բարեկամ երկրներից մեկի հետախուզությունը ստացել է համապատասխան տվյալներ և իրենց դեսպանատան միջոցով հայտնել է  այդ տվյալների մասին վարչապետին»,- ասաց Ռուբեն Բաբայանը։  


Նրա խոսքով՝ եթե մենք նայենք, թե ժամանակին ինչ կատարվեց Վրաստանում, կտեսնենք, որ սխեման մոտավորապես նույնն է. էլի ազգությամբ վրացի ռուս օլիգարխ, էլի մեծ դերակատարում ունեցող վրաց ուղղափառ եկեղեցին, այնպես որ կարծում է, որ ամեն ինչ գնում է այնպես, ինչպես պլանավորված է, պարզապես երևի, ի տարբերություն Վրաստանի, հայկական իշխանություններն ավելի զգոն գտնվեցին և կարողացան ժամանակին կանխել դա։


«Իհարկե, ամեն երկրում կան որոշակի առանձնահատկություններ, և այս ցանցի բացահայտումը չեմ կարծում, որ նշանակում է, թե այդ պատերազմը դադարելու է։ Պարզապես պետք է զգոն լինել, պետք է հասկանալ, որ իրականում իհարկե խնդիրը ոչ թե կուսակրոնությունն է կամ նման մի բան, որի մասին բոլորը գիտեն, այլ շատ ավելի լուրջ։ Եվ դրանով է, կարծում եմ, նաև բացատրվում ԱԱԾ տնօրենին աշխատանքից հեռացնելը»,- նշեց Ռուբեն Բաբայանը։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան