«Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Էդգար Խաչատրյանի կարծիքով՝ ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում պետք է դադարեցվեր շատ ավելի վաղ: «Բազմիցս եղել են ջղաձգված հայտարարություններ, բայց մեր իշխանությունները անտեսել են կամ փորձել ավելի դիվանագիտական մոտեցում ցուցաբերել, իսկ վերջին իրադարձությունները դանակը հասցրել են ոսկորին»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։
Խաչատրյանի դիտարկմամբ՝ միայն ռուսական հեռուստաալիքների հեռարձակման դադարեցումը
բավարար չէ, որովհետև ՌԴ-ն ֆինանսավորում է բազմաթիվ տեղական լրատվամիջոցներ, նաև՝
առանձին դերակատարների: «Անընդհատ խոսում ենք Ռուսաստանից եկող հիբրիդային սպառնալիքների
մասին, նաև այն մասին, որ 2026 թվականի ընտրությունների
նախաշեմին ՌԴ-ն ավելի ակտիվ է լինելու... ինձ մտահոգում է, որ հենց ընտրությունների
նախաշեմին ենք սա անում, որովհետև հասկանում ենք, թե ինչ մեծ ճնշում է Ռուսաստանից
գալիս, իսկ այն, որ ՀՀ քաղաքացիները պետք է պաշտպանված լինեին ռուսական կեղծ նարատիվներից
ու գարշահոտ ստերից, որ ՀՀ քաղաքացիների ու իշխանությունների հասցեին լսում էինք՝ չի
արվել։ Փաստորեն տարիներ շարունակ այդ ամենն անտեսվել է»,- նկատեց նա։
Իրավապաշտպանի խոսքով՝
անհրաժեշտ է ռազմավարական մոտեցում, թե մենք ինչպես ենք դիմակայելու Ռուսաստանից եկող
հիբրիդային սպառնալիքներին: «Ես անձնապես կտրուկ քայլերի կողմնակից եմ, փորձը ցույց
է տալիս, որ դրանք ավելի էֆեկտիվ են եղել։ Օրինակ՝ Մոլդովան, Ռումինիան փակել են բոլոր
ռուսական ալիքները, մշակութային օջախները, որոնք ընտրությունների ժամանակ օգտագործվում
են ընտրակաշառք բաժանելու, անհնազանդության ցույցեր կազմակերպելու համար։ Այս բոլոր
մեխանիզմներից պետք է զրկենք»,- ասաց Խաչատրյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան