«Հանուն Հանրապետության» կուսակցության
փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ զրուցել ենք ներքաղաքական վերջին իրադարձությունների,
սառեցված և գործող արքեպիսկոպոսների ու ռուսաստանցի օլիգարխի կալանավորման և այլ հարցերի
շուրջ։
«Այս ամենը ընդամենը դրսևորումն
է հիբրիդային պատերազմի, որը սանձազերծել է Ռուսաստանը, իրենց նոր կուրատորն այսպես
կարճաժամկետ թիրախներ խոցելու մասին զեկուցել է իր հանցագործ շեֆին, բայց իր մոտ չի
ստացվում, ինքը զբաղված է միայն սեփական ոտքերին կրակելով և ինչ-որ մարդկանց փորձանքի
մեջ գցելով։ Ահա ինչի հետ մենք գործ ունենք: Մենք տեսնում ենք, որ այդ հիբրիդային պատերազմը
ընդհանրապես ոչ միայն Հայաստանին է վերաբերում, այլև ունի հստակ տարածաշրջանային ընդգրկում
և, այո՛, ընդգրկում է թե՛ Վրաստանը, թե՛ Ադրբեջանը։ Եվ երբ մենք սրացումները տեսնում
ենք, տեսնում ենք հենց այս համատեքստում»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։
Խոսելով նաև կալանավորված հոգևորականների
մասին՝ Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ երբ ատելության
խոսք ես տարածում, և այդ տարածածդ ատելությունն էլ ծծմբական թթվի նման մեջիդ եղած-չեղածն
ուտում է, վերջում ամեն ինչ վերածվում է, հասնում է բռնության. սա շատ օրինաչափ էվոլյուցիա
է, որը տեղի ունեցավ, այստեղ որևէ զարմանալի բան չկար, ամեն ինչ սկսվում էր դրանից:
«Հոկտեմբերի 27»-ն էլ սկսվեց «ռոմանտիկների» ուղեղը մխտռելուց՝ տարբեր վազգենմանուկյանների
կողմից, վերջում եղավ այն, ինչ եղավ։
Ինչ վերաբերում է իշխանության
և որոշ եկեղեցականների միջև ընթացող «փոխհրաձգությանը», որը վերջիններս ներկայացնում
են որպես իշխանության կողմից եկեղեցու դեմ տարվող արշավ, մեր զրուցակիցն ասաց. «Ոչ
թե եկեղեցականները, այլ մի փոքր մաս, բոլոր նրանք, ովքեր նենգափոխել են ամեն ինչ և
փորձում են նենգափոխել եկեղեցին։ Եվ հիմա ոմանք էլ խոսում են, թե մենք եկեղեցու կողքին
ենք. ոչ, դուք եկեղեցու կողքին չեք, դուք եկեղեցին զավթած, խաչագող քավորպետրոսների
կողքին եք, մի խաչագող էլ դուք եք, բոլոր նրանք, ովքեր այս համատեքստում նման հայտարարություն
են իրենց թույլ տալիս, ընդ որում՝ միտումնավոր ձևով, ամեն ինչը նենգափոխելու համար»,-
հավելեց Ռուբեն Մեհրաբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան