Հայաստանը չի կարող հանդուրժել Ռուսաստանից հնչող սև պրոպագանդան, ազգային անվտանգության խնդիր է

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ ռուսական հեռուստաալիքները հաճախ են խախտում միջպետական պայմանագրի դրույթները, որով նախատեսվում են ապատեղեկատվության բացառում ու հարգանք Հայաստանի նկատմամբ: «Մենք ատելության խոսքի դեմ պայքարում ենք մեր երկրի ներսում, ճիշտ է՝ ոչ այնքան հաջող, բայց երբ դրսից էլ է հնչում՝ հրատապ խնդիր է առաջանում դրա դեմն առնելու։ Համարում ենք, որ հանրային մուլտիպլեքսը պետք է օգտագործվի բացառապես հայաստանյան լրատվամիջոցների համար»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։


Մելիքյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանից հնչող սև պրոպագանդան ինֆորմացիոն պատերազմի մաս է կազմում, և չի կարող պետությունն այդ ամենը հանդուրժել: «Եթե իշխանությունները այդպիսի որոշում կայացնեն, կարելի է այն ուշացած համարել, բայց միանշանակ պետք է»,- ընդգծեց Մելիքյանը։


Մեր զրուցակիցը նշեց՝ փաստերի համադրումով ակնհայտ է դառնում, որ Հայաստանում տեղի ունեցած վերջին պրոցեսները, որոշակի գործողությունների փորձերը Կրեմլի սրտով էին, և դրանց հակազդելը իրենց նյարդայնացնում է, հռետորաբանությունն էլ էլ ավելի այլանդակ է դառնում«Մարգարիտա Սիմոնյանի վերջին հայտարարությունը փողոցային խուժանի հայտարարություն էր։ Պետք չէ ցածր իջնել ու նույն կերպ պատասխանել, պարզապես պետք է թույլ չտալ, որ այդ սադրող խուլիգանական բառապաշարով, լրագրության հետ կապ չունեցող կեղտոտ պրոպագանդան տարածվի ու լվանա մեր քաղաքացիների ուղեղը։ Սա տեղեկատվական անվտանգության, եթե ավելի խորը նայենք՝ ազգային անվտանգության խնդիր է»։


Մելիքյանը համարում է, որ կեղտոտ պրոպագանդային պետք է հակազդել որակյալ լրագրությամբ, նաև բարձրացնել հասարակության  մեդիագրագիտության մակարդակը։

 

Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում