ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար,
իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքերով՝ թեպետ առայժմ չկա դատարանի օրինական ուժի մեջ
մտած վճիռ, որ ձերբակալված անձինք պլանավորել էին Հայաստանում ահաբեկչություն իրականացնել,
նման դրսևորումները հավանական են․ «Մենք գործ ունենք
ուժերի հետ, որոնք Հայաստանի նորանկախ ժամանակահատվածում կապակցված են եղել զենքի ուժով
խնդիրների լուծման հետ։Իրենց պատմությունն է այդպիսին և որևէ անգամ վերանայում կամ
վերագնահատում, որ զենքի օգտագործումն անթույլատրելի է՝ չի եղել։ Դա վերաբերում է թե՛ 1994 թվականին «Դրո»
խմբի գործունեությանը, թե՛ 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությանը,
որը պոռթկում կամ ռոմանտիկների գործողություն էին փորձում որակել»։
Սաքունցի խոսքերով՝ ցավալի է, որ ՀՀ քաղաքական համակարգը ներկայացնող
ուժերը չունեն միասնական այն դիրքորոշումը, որ զենքը որպես ներքաղաքական խնդիրների
լուծման միջոց անթույլատրելի է․ «Այդ հստակ դիրքորոշումը,
որ զենքն անթույլատրելի ու դատապարտելի է ՝ չկա։ Կարող են անվանել ապստամբներ ու ռոմանտիկներ,
բայց երբ նրանք հանդես են գալիս որպես քաղաքական
գործիչներ՝ տարօրինակ է»։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ այն, որ խորհրդարանական ընդդիմադիր
ուժերը չմիացան իշխող ուժի ԱԺ՝ ահաբեկչությունը բացառելու վերաբերյալ հայտարարությանը, նշանակում է, որ նրանք չունեն հստակ
դիրքորոշում առ այն, որ անթույլատրելի է ահաբեկչական
ճանապարհով խնդիրների լուծումը․ «Մյուս կողմից էլ հենց
իշխանությանը հարց ունեմ՝ իսկ նո՞ր իմացաք, որ ՀՀ-ի հանդեպ որպես ժողովրդավարական պետության
անվտանգության հետ կապված սպառնալիքներ կան։ Գործ ունենք իրավիճակի հետ, որ երբ դանակը
հասավ ոսկորին՝ նոր սկսեցին ահազանգել»։
Իրավապաշտպանը համարում է նաև, որ ակնհայտ է այս պրոցեսներում
նաև Կրեմլի շահագրգռվածությունը՝ Հայաստանում քաոտիկ միջավայր ստեղծելու և ինքնիշխանությունը
թուլացնելու տեսանկյունից։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան