Սա ահաբեկչության մի դրվագ չէ, հեռուն գնացող մեծ խաղ է․ նախկինները չեն ներում Փաշինյանին

Սա ընդդիմության կողմից ընդդեմ պետության գործողությունների առաջին պլանը չէ, որ բացահայտվել է, պարզապես սա իր նախապատրաստվածությամբ, իր ծավալներով մի փոքր ավելի հեռու գնացող  էր, ավելի վտանգավոր տարրեր էր իր մեջ պարունակում։  Այս մասին сivic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ շեշտելով՝ բացահայտված, իր բնորոշմամբ՝ «ահասարսուռ պլանի» իրագործման դեպքում տուժելու էին մեր բազմաթիվ քաղաքացիներ, կրելու էին ծանր վնասներ։

 

«Սա չափազանց մեծ խաղ է, սա ահաբեկչության մեկ դրվագ չէ, որում, այո, ներգրավված է նաև եկեղեցին։ Սա «վա բանկ» գնալու, վերջին հնարավորությունը օգտագործելու մի ամբողջ պլան էր, որի ամբողջ լրջությունը մեր հասարակությունը գուցե չի կարողանում պատկերացնել, քանի որ գոյություն ունի նախաքննական գաղտնիք, տեղեկատվությունը փոխանցվում է փոքր չափաբաժնով»,-նկատեց Բադալյանը՝ հավելելով«Հասարակությունը ինտուիտիվ, ես դա զգում եմ, հասկանում է, որ աշխարհաքաղաքական որոշ խոշոր կենտրոններ, մեծ խաղացողներ Հայաստանի նման փոքրիկ պետությանը չեն ներել 2018 թվականի անարյուն հեղափոխությունը, իշխանության՝ մանիպուլյատիվ արարողակարգից դուրս գալը և իր ինքնիշխանությունհը սեփական ձեռքերով կերտելը։ Դա մեզ չեն ներել ոչ միայն աշխարհաքաղաքական կենտրոնները, այլև նրանց խամաճիկները, որոնք ապրում են մեր կողքին, ստեղծագործում ու իրենց ամբողջ ռեսուրսը ներդրել են, որպեսզի մեր պետությունը կրկին վերադարձնեն խոցելի կերպարով կարգավիճակին, որին պետք է օգնություն ու փրկիչ։ Մենք դա թույլ չենք տալու»։  

 

Ի պատասխան հարցի՝ արդյոք իր ասած «խամաճիկների» մեջ են ՀՀ առաջին, երկրորդ, երրորդ նախագահներն ու եկեղեցին, որպես ինստիտուտ՝ պատգամավորը նկատեց՝ այո՝ հավելելով․ «Առաջին, երկրորդ, երրորդ նախագահները Նիկոլ Փաշինյանին չեն ներում այն, որ նրան հաջողվել է անել այն, ինչը, ես ուզում եմ հավատալ, որ ուզեցել են, բայց չեն կարողացել անել՝ կերտել ՀՀ ինքնիշխանությունը։ Ինչ-ինչ պատճառներով դա նրանց չի հաջողվել՝ դուրս գալ ռազմավարական դաշնակցի ճիրաններից և ինքնուրույն որոշումներ ընդունել։ Այո, շատ դժվար է այս հարցում ներել Նիկոլ Փաշինյանին, որովհետև Փաշինյանը վերջին 7 տարիներին համառորեն ուզում է երկիրը դուրս բերել բոլոր տեսակի կախվածություններից և դա համառորեն, ավելի թույլ օղակների համար համարվում է աններելի մի բան»,-նշեց պատգամավորը։


Լուսինե Բադալյանի հետ զրուցել ենք նաև կաթողիկոսի հեռացման հնարավոր սցենարների, 2026 թվականի ընտրություններին ընդդիմության հավանական մասնակցության և այլ հարակից հարցերի շուրջ։

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

 Հեղինե Մանուկյան