ՀԱՄԱՍ-ը «դրական պատասխան» է տվել Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով պաղեստինցի պաշտոնյայի, ով ծանոթ է բանակցությունների ընթացքին։
«Մենք միջնորդներին՝ Քաթարին և Եգիպտոսին, փոխանցել ենք մեր պատասխանը հրադադարի առաջարկի վերաբերյալ։ ՀԱՄԱՍ-ի պատասխանը դրական է, և կարծում եմ, որ այն պետք է օգնի և նպաստի համաձայնագրի ձեռքբերմանը», - ասել է աղբյուրը։
Al Arabiya հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ ՀԱՄԱՍ-ի պատասխանը ներառել է միայն «աննշան փոփոխություններ», որոնք կապված են մարդասիրական օգնության առաքման մեխանիզմի և իսրայելական բանակի՝ Գազայի հատվածի որոշակի շրջաններից դուրսբերման հետ։ Շարժումը շուտով հայտարարություն կտարածի՝ պարզաբանելով իր դիրքորոշումը առաջարկվող հրադադարի վերաբերյալ, հայտնում է հեռուստաալիքը։
Ynet-ի ՀԱՄԱՍ-ի աղբյուրը պարզաբանել է, որ պաղեստինյան շարժումը նաև հույս ունի, որ 60-օրյա ժամկետի լրանալուց հետո մարտական գործողությունները չեն վերսկսվի, և ակնկալում է Եգիպտոսից, Քաթարից և ԱՄՆ-ից բանակցությունների գործընթացի շարունակության երաշխիքներ։ Իսրայելական աղբյուրի համաձայն՝ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Դոնալդ Թրամփը մտադիր են գործարքի մասին հայտարարել հուլիսի 7-ին կայանալիք իրենց հանդիպման ժամանակ։
Haaretz թերթը գրում է, որ ԱՄՆ-ի առաջարկած պլանով ընդհանուր առմամբ կազատվի 10 իսրայելցի պատանդ։ Նաև Իսրայել աստիճանաբար կվերադարձվեն զոհված 18 պատանդների մարմինները՝ հինգը հրադադարի յոթերորդ օրը, ևս հինգը՝ 30-րդ օրը և ութը՝ 60-րդ օրը։
Հրադադարի պայմաններին, որի պլանը առաջարկել էր ԱՄՆ-ը, համաձայնել է նաև Իսրայելը, հայտնել է Դոնալդ Թրամփը։
«Իսրայելը համաձայնեցրել է 60-օրյա հրադադարի համար անհրաժեշտ պայմանները, որի ընթացքում մենք կաշխատենք բոլոր կողմերի հետ՝ պատերազմը դադարեցնելու համար», - գրել է նա՝ հավելելով, որ այժմ հույս ունի ՀԱՄԱՍ-ի դրական պատասխանի վրա։