«Կապ
չունի՝ որ կառույցում՝ եկեղեցում, թե որտեղ, եթե պետության դեմ որևիցե վտանգավոր գործունեություն
կարող է ծավալվել, ապա պետությունը պարտավոր է այդ վտանգները կանխել»,- այս մասին
civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր
Տիգրան Պարսիլյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի վերջին գրառմանը։ «Այսինքն՝ մենք խոսում ենք ոչ թե քաղաքական նպատակահարմարության՝
եկեղեցի մտնել կամ չմտնելու մասին, այլ ՀՀ անվտանգության մասին։ Այո, ՀՀ անվտանգությունը
վեր է ամեն տեսակի սկզբունքներից, ամեն տեսակի դոգմաներից, և էս դեպքում լրիվ հասկանալի
է վարչապետի ասածը՝ մենք ունենք քաղաքական հեղաշրջման փորձ ձեռնարկող սրբազաններ և
կաթողիկոս, որը այս ամենը դատապարտելու, հայտնի երկու սրբազաններին կարգալույծ հռչակելու
փոխարեն՝ աջակցում է նրանց»,- նշեց պատգամավորը՝ ընդգծելով՝ այս դեպքում իրավապահները,
այո, կաշկանդվածություն չպետք է ունենան իրացնելու երկրի շահերից բխող գործողություններ։
Պատգամավորի խոսքով՝ Միքայել արքեպիսկոպոս
Աջապահյանը, իմանալով, որ իրավապահները իր նկատմամբ օրենքով սահմանված գործողություններ
պետք է իրականացնեին, Մայր աթոռը օգտագործեց պաշտպանվելու համար։ «Այ, սա է ապօրինի
մուտքը եկեղեցի, կապ չունի՝ ինչ ստատուս ունի մարդը, փիլոն է կրում, թե չի կրում։ Շատ
կարևոր է, թե եկեղեցի ինչ նպատակով ես մտնում։ Եթե մարդը մտել է եկեղեցի, որ իր ապօրինի
գործողությունները պաշտպանի, կարծում եմ, որ Մայր աթոռը իր մուտքով, այսպես ասած, սրբապղծողը
հենց Աջապահյանն է եղել, որը փորձել է թաքնվել Մայր աթոռի տարածքում՝ հասկանալով, որ
կան հիմնավոր պատճառներ իրեն կալանավորելու»,- հայտարարեց կառավարող ուժի ներկայացուցիչը։
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության անդամ,
«սրբազան շարժման» առաջնորդ Վազգեն Գալստանյանի աջակից Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից
զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության
վերաբերյալ քվեարկությանը՝ Պարսիլյանը նկատեց՝ ինքն անձամբ անհամբերությամբ սպասում
է, որ կողմ քվեարկի, քանի որ, դատելով նրա
և հանցավոր խմբի այլ անդամների երկխոսությունների
գաղտնալսումների վերծանումից, վերջինիս ազատությունը պետք է սահմանափակվի՝ ՀՀ
անվտանգության պաշտպանության նկատառումից ելնելով։
Տիգրան Պարսիլյանի հետ զրուցել ենք նաև «Տաշիր
Սամոյի»՝ ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի կողմից նոր քաղաքական ուժ ձևավորելու
և ԱԺ 2026 թ. ընտրություններին մասնակցելու,
Ռոբերտ Քոչարյանի՝ վերջինիս միանալու, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի՝ Լեռնային Ղարաբաղի, «Փաշինյանի
օրոք Հայաստանը կորցնելու» վերաբերյալ հայտարարությունների և հարակից այլ հարցերի մասին։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հեղինե
Մանուկյան