ՌԴ-ն այստեղ իշխանություն փոխելու համար վա-բանկ է գնում, Սամվել Կարապետյանն իր կամքով չէր եկել. Առնոլդ Բլեյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանը, Civic.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սամվել Կարապետյանի՝ նոր ուժի ձևավորման վերաբերյալ հայտարարությանը, նկատեց՝ փրփուրներից են կախվում. «Իրենք հասկանում են, որ դատապարտված են, ՀՀ գիտակից քաղաքացին մերժում է ռուսական կողմից ներդրված ցանկացած գործչի։ Հետևաբար այդ 7510-հոգանոց հանրահավաքը (դեռ  հարց է՝ քանի  հոգին գիտեին, թե ինչու են եկել), լուրջ չէ։ Պետք է շարունակենք ապառուսականացում կոչվող գիծը»։


Բլեյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանը Հայաստանում հիբրիդային պատերազմ է իրականացնում, որի նպատակն է ապակայունացումն ու խամաճիկ իշխանության ձևավորումը: «Մենք այլ տարբերակ չունենք, քան ՀՀ փողոցներն ազատագրելն ու բոլոր գործակալներին ձերբակալելը, արտաքսելը, ոմանց մուտքը ՀՀ  նույնիսկ արգելելը»,- ասաց նա։


Առնոլդ Բլեյանի խոսքով՝ Հայաստանում առ այսօր չի ձերբակալվել ՀՀ որևէ լրտես։ Մեր զրուցակիցը նաև կարծում է, որ Սամվել Կարապետյանն ինքնակամ չի եկել Հայաստան, կատարել է հերթական հրամանը. «Ցավոք սրտի, մենք ունենք Ռուբեն Վարդանյանի օրինակը, որը պետք է դաս լիներ Սամվել Կարապետյանի  ու մնացած գործիչների համար։ Նրանք պետք է հասկանան, որ Հայաստանում կարելի է զբաղվել քաղաքականությամբ, եթե նույնիսկ այն հակասում է իշխանության տեսլականին, բայց եթե դու  գալիս ես օտար երկրի շահերը սպասարկելու՝ պետք է ի սկզբանե կասեցվի։ Ուրախ եմ, որ իշխանությունը ոչ թե պոստ ֆակտում արձագանքեց, այլ ի սկզբանե կասեցրեց գործընթացը և թույլ չտվեց, որ Սամվել Կարապետյանն այստեղ իրեն «լավ զգա»»։


Նրա դիտարկմամբ՝ Ռուսաստանն այստեղ իշխանություն փոխելու համար վա-բանկ է գնում: «Իրենց համար վտանգ է Նիկոլ Փաշինյանի հանձնառությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ գալ համաձայնության, որովհետև այդ համաձայնությամբ ՌԴ-ն դուրս է գալու Հարավային Կովկասից։ Ռուսաստանը բոլորին օգտագործելու է, խաղաքարտերը բաց են, հնարավոր բոլոր ակտիվներն օգտագործում են, որ բերեն ցանկալի իշխանություն կամ ունենան ընդդիմություն, որը կզսպի իշխանությանը գնալ այնպիսի քայլերի, որը կուժեղացնի Հայաստանը»,- եզրափակեց նա։



Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում