Տիրան սրբազանին ՌԴ-ի հայկական թեմից փորձել են հեռացնել ՕՄՕՆ-ի միջոցով. կոնդակը կարդացել է Գալստանյանը

Արթուր սարկավագ Կարապետյանի հետ զրուցել ենք կալանավորված հոգևորականների, նրանց առաջադրված մեղադրանքի և Կտրիճ Ներսիսյանի հեռացման հնարավորության մասին։


Խոսելով Գալստանյանին և Աջապահյանին առաջադրված մեղադրանքի մասին՝ Արթուր սարկավագն ասաց, որ շատ բացասական է վերաբերվում, որ հոգևորականը, առավել ևս՝ բարձրաստիճան հոգևորականը իրեն իրավունք է վերապահում նման գործողությունների մեջ ներգրավվելու։


Դիտարկմանը, թե վարչապետին մեղադրում են ժողովրդին եկեղեցու դեմ հանելու համար, սարկավագն  ասաց. «Եկեղեցու դեմ ոչ ոք ոչ ոքի չի հանում։ Մի օրինակ բերեմ. 2001 թվականին երբ ես ծառայում էի Մոսկվայի Սուրբ Հարություն եկեղեցում, այնտեղ Եզրաս և Գարեգին Ներսիսյանների հրամանով, Գարեգինը մեկուկես տարի էր, որ վերցրել էր գահը, հարձակում տեղի ունեցավ եկեղեցու վրա, բայց ես չէի ասի եկեղեցու, այլ եկեղեցականի, հիմնական թիրախը Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանն էր, որին ուղղակի առանց պատճառի ուզում էին հանել։ Դա էլ պատճառ հանդիսացավ իմ՝ եկեղեցուց դուրս գալուն»,- ասաց սարկավագը։


Նա նաև նշեց, որ Գարեգին Բ-ի հետ որևէ խնդիր չի ունեցել, իրեն ճանաչել է եպիսկոպոս եղած ժամանակ, բայց 2000-ականների սկզբի դեպքերից հետո մեծ  հիասթափություն է ապրել, այն դեպքերից, որ տեղի են ունեցել Մոսկվայի հայկական եկեղեցու տարածքում, բայց դրանք ուղղակի ծաղիկներ են նրա համեմատ, ինչ տեղի ունեցավ օրեր առաջ Մայր աթոռում։ Այնուհետև նա մանրամասնեց, թե ինչպես են Տիրան սրբազանին փորձել հեռացնել Մոսկվայի հայկական եկեղեցուց։


«Բագրատ Գալստանյանի առաջնորդությամբ ինչ-որ մարդիկ ներխուժել են Սերգեյ Մակեևի փողոցում գտնվող Մոսկվայի այն ժամանակվա միակ եկեղեցու տարածք, Բագրատ Գալստանյանն իմ աչքի առաջ բացել է կոնդակ ու կոնդակի համաձայն արձանագրել է, որ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանն այլևս Ռուսաստանի թեմի առաջնորդը չի՝ ընդհանրապես չպատճառաբանելով, թե ինչի համար։ Դա եղել է Կտրիճ Ներսիսյանի կամքով։ Դրանից հետո արդեն, երբ մասնավորապես Մոսկվայում ապրող հավատացյալներն իրենց դժգոհությունն են հայտնել, թե ինչի համար, քանի որ Տիրան սրբազանը շատ լավ առաջնորդ էր, հարգված մարդ, այդ ժամանակ ՕՄՕՆ է եկել եկեղեցի։ Ես չեմ կարող ասել՝ ՕՄՕՆ-ին ով էր բերել, բայց փաստ է, որ Ռուսաստանի հայկական եկեղեցի ներխուժել է ՕՄՕՆ»,- ասաց սարկավագը։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան