Չեխիայում բնակվող քաղաքական վերլուծաբան, տնտեսագետ Բագրատ Առաքելյանը մտավախություն ունի, որ Ռուսաստանը որպես վերջին տարբերակ կարող է փորձել ուժային մեթոդը․ «Կրեմլում տեսնում են, որ իրենց այստեղի գործակալները թեպետ ցույց են տալիս, որ ինչ-որ ճիգեր են գործադրում, տեսարան են ստեղծում, որ մի քիչ էլ ֆինանսավորվեն՝ կգան իշխանության կամ խնդրում են մի նորմալ միլիարդատեր ուղարկել, որ իրենց օգնի ու դառնան Ռուսաստանի փեշի տակ գտնվող միավորում, իրականում չեն հաջողում»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ նրա՝ Ռուսաստանը թեպետ հիմա բազմաթիվ այլ խնդիրներ ունի, կարող է գնալ ուժային տարբերակի․ «Մենք դրա համար ժամանակին ստեղծել ենք բոլոր պայմանները։ Մեր տարածքում պահում ու ֆինանսավորում ենք ռուսական ռազմաբազան, թույլ ենք տվել, որ այստեղ բազմանան ՖՍԲ-ի ու ԳՌՈԻ-ի գործակալներ, որոնք աշխատում են տարբեր մակարդակներում՝ ընդհուպ կառավարական օղակներում։ Այդ պայմաններից ելնելով ՌԴ-ն կարող է ենթադրել, որ ակնթարթային կերպով կարող է Հայաստանոմ հեղաշրջում անել»։
Առաքելյանի խոսքերով՝ մեր երկիրն ու ժողովուրդը վտանգի տակ են, պետք է պատրաստ լինեն գրեթե ամեն ինչի․ «Միգուցե ինչ-որ բան մենք չենք բացահայտել, իրենք կարող էին մի քանի ուղղություններով գրոհել։ Չեմ կարծում ՌԴ ՖՍԲ-ն հույսը դրել էր Բագրատ Սրբազանի ու Աջապահյանի վրա, հավկիթներն էլ՝ մի զամբյուղի մեջ։ Այն, որ այսօր մեր ՀԱԵ-ն զավթված է ռուսական գործակալներով՝ որևէ կասկած չկա, սկսած՝ Վեհափառից։Այսօր եկեղեցու վերնախավը զավթված վիճակում է, իրենք էլ են գիտակցում, որ ժամկետը լրացել է ու հիմա ռադիկալ գործողությունների կարող են գնալ»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան