«Էս մարդիկ՝ բազմաթիվ բարձրաստիճան հոգևորականներ, հեղափոխությունից հետո կտրվել են իրենց «Բենթլի»-ներից, իրենց բիզնեսներից, իրենց օֆշորի հաշիվներից, իրենց շվեյցարական բանկերի հաշվեհամարներից, հետևապես իշխանությունը դարձել է իրենց համար ազգադավ»,-այս մասին civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչի՞ հետևանքով սկսվեց իշխանություն-եկեղեցի հակամարտությունը։ «Եթե շարունակվեր այնպես, ինչպես երկար տարիներ՝ սերտաճեին իշխանության հետ, իշխանությունը լափեր, գռփեր-թալաներ, իրենց դեմքերին էլ գրոշներ շպրտեր, ինչպես որ մինչև այս եղել է, իշխանությունը կլիներ վսեմափայլ, ոչ թե՝ ազգադավ։ Ամեն ինչ շատ պարզ է, շատ պարզ բանաձև է, էստեղ ուրիշ բանավեճ չկա»,-հայտարարեց պատգամավորը։
Անդրադառնալով այսօր ԱԺ-ում տեղի
ունեցած՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթից հետո տեղի
ունեցած միջադեպին և նրա վերաբերյալ ՀՀ գլխավոր
դատախազի միջնորդությանը՝ զրկել վերջինիս ազատությունից և նրա նկատմամբ քրեական հետապնդում
իրականացնել, Մկրտչյանը նկատեց․ «Խնդիրը այսօրվա միջադեպից ավելի խորն է։ Սրանք մարդիկ են,
«Մարտի 1»-ի և «Հոկտեմբերի 27»-ի ուղիղ շահառու Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները, որոնք
սովոր են ուժով, արյունով իշխանությունը զավթել, յուրացնել, ու հետո 15-20 տարի հոշոտել
ներսից, թալանել, կեղեքել մեր երկիրը։ Ամբողջ վեճը սրա մեջ է։ 2018-ից հետո ժողովուրդն
ինքն է ընտրել իր իշխանությունը, ժողովուրդն է որոշում՝ ում ընտրի, ում՝ ոչ։ Էստեղ
է ամբողջ բանավեճը, էս մարդիկ չեն ուզում, որ այդպես լինի»։
Արեն Մկրտչյանի հետ զրուցել ենք
նաև ԱԺ առաջիկա ընտրությունների, ՀՀ վարչապետի այսօրվա՝ Մայր աթոռի ազատագրումն առաջնորդելու վերաբերյալ գրառման, ռուսաստանցի
գործարար Սամվել Կարապետյանի կողմից քաղաքական ուժ ձևավորելու և այլ հարակից թեմաներից։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Հեղինե Մանուկյան