«Սպասում ենք Երևանի արձագանքին». Զախարովան՝ Հայաստան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի մասին

Ռուսական կողմը առաջարկել է կոնկրետ քայլեր Ռուսաստանի քաղաքացիների «ստոպ-լիստ» վերաբերյալ և սպասում է Երևանի արձագանքին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան «ստոպ-լիստ» հարցը քննարկում է ոչ միայն փակ դռների հետևում, այլև հրապարակայնորեն, և ինքը հաճախ ստիպված է լինում մեկնաբանություններ անել այս թեմայի շուրջ։


«Մենք Ռուսաստանի քաղաքացիների մուտքի արգելքը համարում ենք անբարյացակամ քայլ, որը հակասում է ռուս-հայկական համագործակցության դաշնակցային բնույթին»,- նշել է դիվանագետը։


Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը բազմիցս կոչ է արել իր հայ գործընկերներին դադարեցնել այս արատավոր պրակտիկան, ավելին՝ հարցը քննարկվել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան կատարած այցի ժամանակ։


«Հայկական կողմին առաջարկվել են կոնկրետ քայլեր։ Սպասում ենք Երևանի արձագանքին»,- ասել է դիվանագետը։