Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն
իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Բոլոր բանավեճերից անդին, այս ընթացքում բացահայտվեց ամենակարևորը.
Հիսուս Քրիստոսի, նրա վարդապետության հետ Կտրիճ Ներսիսյանի, Վազգեն Գալստանյանի, Գևորգ
Աջապահյանի և էլի ոմանց կապի և առնչության իսպառ բացակայությունը։ Հիսուս Քրիստոսի տունը,
Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի
կողմից և պետք է ազատագրվի։ Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը»։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք
քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ։ Նա նշեց, որ վերոնշյալի իրականացումը տեսնում
է բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով, բոլոր հնարավոր ու անհնար գործիքակազմերի կիրառմամբ,
որովհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձր հոգևոր դասն անցել է բոլոր կարմիր գծերը՝
աջակցություն հայտնելով կամ անուղղակի կերպով թևերը փռելով տեռորիստական նկրտումներ
ունեցող իրենց ինքնասառեցված տերտերի և մյուս թեմի առաջնորդի գործողությունների ու
հայտարարությունների վրա: Ուստի Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներն ազատ են իրենց
գործողություններում, և ինչն արգելված չէ ՀՀ օրենսդրությամբ, կարող են կիրառել, որպեսզի
Կտրիճ Ներսիսյանին այս իրավիճակում ոչ թե դուրս հրավիրեն, այլ դուրս շպրտեն վեհարանից
և ազատեն վեհարանն այդ ուզուրպատորից։
Խոսելով նաև այն մասին, որ ռուսաստանցի
գործարար Սամվել Կարապետյանն իրեն դատի է տվել իր գրառման համար, քաղաքագետն ասաց,
որ իր դեմ հայցի հիմք է հանդիսացել մասնագիտական գործունեության ծավալումը, իսկ Սամվել
Կարապետյանը դա որակում է իբրև զրպարտություն: Բայց նրա պարագայում իր կողմից իրականացված
քաղաքական կանխատեսումը ընդամենը օրեր անց իրականություն է դարձել, և ինչն է հիմք հանդիսացել
Սամվել Կարապետյանի համար դատի տալ իրեն և էլի այլ գործընկերների։
«Այո, ես ասել եմ, որ նրա գերնպատակը
բնավ Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանությունը չէ, դա պատրվակ է, որ Սամվել Կարապետյանը
ՀՀ-ում խաղա իրեն վերապահված, իրեն տրված հայկական Իվանիշվիլիի դերը։ Ես իրականում
շատ ուղիղ չէի ասել, բայց հիմա շատ ավելի ուղիղ կասեմ. Սամվել Կարապետյանին ու իր փաստաբանական
փոքրիկ խմբակին և առհասարակ իր խմբակին պետք է ասել, որ ձեր նետած մարտահրավերն ընդունված
է։ Եթե դուք մտածում եմ՝ մասնագիտական գործունեությունը կարող եք կասեցնել միլիոնավոր
դրամների դիմումներ դատարաններին ներկայացնելով, չարաչար սխալվում եք։ Ես վստահաբար
ձեր չափ գումարներ չունեմ, կամ գուցե էդ մի քանի միլիոնը ինձ համար բավականին մեծ ծանրություն
է, բայց հավատացեք՝ ազատ խոսքն ինձ համար շատ ավելի թանկ արժի, քան մի քանի միլիոնը,
որ Սամվել Կարապետյանի խումբը ներկայացրել է հայցադիմումի մեջ որպես պահանջ, և բացառվում
է, որ ես լռեմ»,- նշեց քաղաքագետը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան