Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը հույս ունի, որ Աբու Դաբիում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումը կլինի չերևացող բանակցությունների հերթական քայլը, որի հիմքում ընկած է տարածաշրջանում կոմունիկացիաների վերաբացումը: «Հուսով եմ, որ հանդիպումը կլինի շոշափելի քայլ առաջ, և մեզ կհաջողվի հասնել կոնսենսուսի ԱՄՆ-ի ու արդեն իսկ Թուրքիայի միջնորդությամբ»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ կա հեռանկար հակամարտությունը վերջիվերջո լուծելու խաղաղ ճանապարհով:
«Եվ եթե այստեղ չկա օտարի շահ, որը հակասում է մեր շահին, չկա շահ, որն անընդհատ պատերազմ
ու հակամարտություն, մարդկանց սպանություն է թելադրում՝ մեզ համար դրական հնարավորություն
է։ Դուք ասում եք՝ առանց միջնորդի, այո՛, գործընթացն առանց միջնորդի է, բայց ակնհայտ է ԱՄՆ-ի ու Թուրքիայի մասնակցությունը, ու այդ մասին
խոսում են և՛ ԱՄՆ պետքարտուղարը, և՛ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, և սա իրականություն
է։ Եթե իրենք տրամադրված են տանել մեր երկիրը խաղաղության՝ իհարկե ունենալով սեփական
շահերը, բայց որոնք չեն հակասում մեր շահերին, միայն ողջունելի է»,- նկատեց նա։
Մեր զրուցակիցը մեկնաբանեց նաև ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի վերջին
հայտարարությունը՝ ընդգծելով, որ Ռուբիոն հուսով է, որ Աբու Դաբիում Իլհամ Ալիևը կիրականացնի
այն առաջարկությունը, որն ինքն ընդունել է և որից չի կարողացել հրաժարվել. «Դա այն
առաջարկությունն է, որն ԱՄՆ-ն Ռեջեփ Էրդողանի
միջոցով փոխանցել է իրեն՝ վերաբացել տարածաշրջանային կոմունիկացիաները, տարածաշրջանը
Ռուսաստանի վերահսկողությունից դուրս հանել»։
Ըստ Ստեփանյանի՝ Բաքուն
ունի երկընտրանք՝ կա՛մ կարող է գնալ այդ պլանով, կա՛մ չգնալ ու «թարսվել» և՛ Էրդողանի, և՛ Թրամփի հետ. «Գուցե չի երևում,
բայց Ալիևը մեծ ջանքեր է գործադրում, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավվեն,
իսկ դրանք շատ վատ վիճակում են, փչացել են Բայդենի ադմինիստրացիայի օրոք։ Հիմա իրեն
առաջարկություն են անում, ասում են՝ գնա այս ճանապարհով, թող կոմունիկացիան գործի ամերիկյան
ընկերության միջոցով, պատերազմ չի լինի, դու կշարժվես մեր կանոններով, ոչ թե նոյեմբերի
9-ի փաստաթղթով։ Ինքը համաձայնությունը տվել է, այլապես Աբու Դաբիում հանդիպում չէր
լինի, Ռուբիոն այդ հայտարարությունը չէր անի, պետքարտուղարության խոսնակը չէր վերահաստատի,
Էրդողանն էլ չէր ասի, որ Հայաստանը մեղմացրել է դիրքորոշումը ու գնում է այն ճանապարհով, որ այդ կոմունիկացիան գործի»։
Մարիամ Գրիգորյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում