Այսօր առավոտյան ՀՀ Քննչական
կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որում մասնավորապես նշված էր. «ՀՀ քննչական
կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ահաբեկչության նախապատրաստության, ինչպես
նաև՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի,
առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի
1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, այդ թվում՝ մի շարք
հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են էլեկտրական անդրապայթիչ
(детонатор), որը նախատեսված է հեռավար գործարկելու համար, դրա բաղկացուցիչ մասեր,
մարտական նռնակ, մարտական նռնակի պայթուցիչ (запал), վառոդ, ռադիոկապի միջոցներ, քննության
համար հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր և առարկաներ։
Արդունքում ձերբակալվել է 7 անձ,
որոնցից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի
43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն)։ Ձերբակալվածների
մեջ է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանի որդին»։
Այս հաղորդագրությունից քիչ հետո
տարածվեց մեկ այլ հաղորդագրություն, որ խուզարկություն է իրականացվում ՀՅԴ-ական Հրանտ
Մարգարյանի տանը։ Ի դեպ, խուզարկությունից հետո Գեղամ Մանուկյանը փորձում էր արդարացնել իրենց երիտասարդներին՝ նշելով, որ ունեն «ռադիոլյուբիտել»
երիտասարդներ։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի հետ։
«Այո, իրենք ունեն երիտասարդներ,
որոնք հենց նռնակներ ու զենքեր են պատրաստում, որ վերջում էլ ասեն՝ նրանք ռոմանտիկներ են,
մտան ԱԺ, մտան կառավարություն կամ որևիցե հիմնարկ։ Դաշնակցությանը բնորոշ մեթոդներ
են, դաշնակցականներն իրենց թիմերին, իրենց երեխաներին տեռորիստական հոգեբանությամբ
դաստիարակել սիրողներ են, ես ոնց տեսնում եմ, որովհետև էդ էն մարդիկ են, որոնք «Հոկտեմբերի
27-ը» համարում են «սուրբ ակտ»։ Վերջապես հասան դաշնակցական Հրանտի տուն, դա դեռ պետք
է մի ամիս առաջ արված լիներ»,- ասաց Անի Խաչատրյանը։
Խոսելով նաև այն մասին, որ ընդդիմադիր
շրջանակները խիստ զարմացել են, որ պատգամավոր Գեղամ Մանուկյանի տունը խուզարկել են,
որոշ ԶԼՄ ղեկավարներ նույնիսկ այս իշխանությունների գործողությունները համեմատում են
ստալինյան ռեժիմի հետ, Անի Խաչատրյանն ասաց, որ նրանք դրդում են, որ իրենց հետ խոսեն այն լեզվով, որով իրենք են խոսել, բայց
իրենք նյարդայնանում են, խռխռում են, երբ իրենց հետ չի խոսվում այն լեզվով, ինչ իրենք։
«Հանրահավաք գնալու
համար մեզ ոստիկանության բաժիններում ծեծում էին, կին, տղամարդ՝ կապ չուներ, քրեական
գործեր էին հարուցվում ընդամենը խաղաղ հանրահավաքներին մասնակցելու համար, կամ կուսակցությունների
գրասենյակներ էին մտնում ու կուսակցականներին էին տանում, այնպես որ իրենք բացարձակ
իրավունք չունեն խոսելու որևէ բռնաճնշումից։ Այն, ինչ կատարվում է, իրենց արածների
հետևանքն է։ Մենք երբ փողոցում պայքարում էինք, ոչ մի ձևով չէինք պատրաստվում տեռակտներ
անել։ Ես 18 տարեկան էի, նոր-նոր չափահաս, մեզ էնպես էին ծեծում, որ տանում էին հիվանդանոց՝
արնահոսությունով, որպեսզի չմեռնենք՝ մնանք իրանց վրա»,- հավելեց Անի Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան