Վարչապետն ունի հանրության աջակցության կարիքը, որը պետք է արտահայտվի հօգուտ խաղաղության

Հրապարակախոս, Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանի կարծիքով՝ Աբու Դաբիում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից տպավորությունը դրական է: «5 ժամ տևած բանակցությունների վերաբերյալ կողմերի արտաքին գործերի նախարարությունների հաղորդագրությունները բառացիորեն նույնական են։ Սա խոսում է այն մասին, որ անկախ նրանից, թե հանդիպման օրակարգում ինչ հարցեր են եղել, այն ընդհանուր առմամբ եղել է կառուցողական։ Նախնական կարող ենք այս գնահատականը տալ»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։


Մեկնաբանելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի հայտարարությունն այն մասին, որ Կրեմլը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ երկխոսությունը խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ, մեր զրուցակիցն ասաց. «Եթե նկատի ունենանք վերջին օրերի ռուս-ամերիկյան հարաբերությունների հռետորաբանության փոփոխությունը՝ այն, որ նախագահ Թրամփը նախագահ Պուտինի հասցեին սկսել է կոշտ արտահայտություններ  օգտագործել, Պեսկովի արտահայտությունը պետք է դիտարկել ԱՄՆ-ի հասցեին արված ժեստ առ այն, որ մենք տեղյակ ենք, որ դուք լոբբինգի եք ենթարկում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, մենք դեմ չենք, չենք խոչընդոտի»,- ասաց Աթանեսյանը։


Խոսելով այն մասին, թե Հայաստանում ստեղծված իրավիճակը ի՞նչ ազդեցություն կունենա խաղաղության պայմանագրի ստորագրման վրա, Վահրամ Աթանեսյանը  նշեց՝ իրավիճակի հաղթահարումը բավականին ծանր է լինելու. «Վարչապետն ունի հանրության աջակցության կարիքը, և հանրությունը միանշանակ պետք է արտահայտվի հօգուտ խաղաղության, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, նաև հօգուտ ժողովրդավարության։ Այդ աջակցութունն անուղղակի դրսևորվում է  նրանով, որ Փաշինյանի մրցակիցները, հակառակորդներն ու ընդդիմախոսները չեն կարողանում հանրային դժգոհություն գեներացնել»։


Մեր զրուցակիցը նաև համարում է, որ առաջիկայում կարող է լինել խաղաղության պայմանագրի նախաստորագրում, սակայն բուն  ստորագրությունն, ըստ նրա, կլինի 2026 թվականի ընտրություններից հետո։


Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում