ԱՄՆ-ն աջակցում է Հարավային Կովկասում
խաղաղության և կայունության առաջմղման ջանքերին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ
հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Անդրեա Բրյուսը՝
պատասխանելով լրագրողի հարցին։
Հարցը վերաբերում էր պետքարտուղար Մարկո
Ռուբիոյի հայտարարությանը, որն արել էր հուլիսի 3-ին Նախարարների կաբինետի
նիստում։ Այդ ժամանակ Ռուբիոն հույս էր հայտնել, որ շուտով Հայաստանի և Ադրբեջանի
միջև խաղաղության համաձայնագիր կստորագրվի։ Լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք այդ
հայտարարությունը կապվա՞ծ է Ադրբեջանի
նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Աբու Դաբիում
կայացած հանդիպման հետ։
«Մենք աջակցում ենք տարածաշրջանում խաղաղություն և
կայունություն ապահովելու ջանքերին։ Մենք հետևում ենք համապատասխան
հրապարակումներին, բայց այս պահին լրացուցիչ տեղեկությունների
չենք տիրապետում»,- նշել է Բրյուսը։
Նա ընդգծել է, որ Թրամփի վարչակազմի
դիրքորոշումը մնում է անփոփոխ։
«Սա վարչակազմ է, որն աշխատում է հանուն
խաղաղության։ Նրանք կանեն ամեն անհրաժեշտը և կգնան այնտեղ, որտեղ կպահանջվի»,- ասել
է նա՝ հավելելով, որ խաղաղության ձգտումը «ԱՄՆ արտաքին քաղաքականության
առաքելության մասն է»։
Միևնույն ժամանակ, Պետդեպարտամենտի
ներկայացուցիչը չի մանրամասնել, թե արդյոք Վաշինգտոնն այժմ ունի՞ որևէ կոնկրետ առաջարկ՝ աջակցելու Երևանի և Բաքվի միջև
բանակցային գործընթացին։