Երեկ Հայաստանի Հանրապետության
վարչապետը և Ադրբեջանի նախագահը հանդիպել են Աբու Դաբիում և քննարկել Հայաստան-Ադրբեջան
միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ:
Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների
կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն
են, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված
այդպիսի երկխոսությունը: Երկրների ղեկավարները, նշելով սահմանազատման գործընթացում
գրանցված առաջընթացը, հանձնարարել են համապատասխան պետական հանձնաժողովներին շարունակել
գործնական աշխատանքն այդ ուղղությամբ: Մինչդեռ ընդդիմադիր որոշ շրջանակներ կրկին շտապեցին
շահարկել «Զանգեզուրի
միջանքի» թեման։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք
իրավագետ Արտաշես Խալաթյանի հետ։
«Ես կարծում եմ, որ հիմնական
խոսակցությունը Աբու Դաբիում ծավալվել է հենց ապաշրջափակման թեմայով, որովհետև դա ամենազգայուն
թեման է և, ինչպես տեսնում ենք, տարբեր ուժային կենտրոնների ուշադրության կենտրոնում
է՝ Չինաստան, ԱՄՆ, Թուրքիա, որովհետև, ըստ էության, Մեղրիի ճանապարհն այն հանգուցային
կետերից մեկն է, որով նախանշվում է անցկացնել ապագա տրանսպորտային հիմնական հաղորդուղիները,
որոնք կկապեն Արևելքը Արևմուտքին, Միջին Ասիան՝ Եվրոպային, և Հայաստանը փաստորեն ձեռք
է բերում արտակարգ կարևոր նշանակություն։ Հետևաբար պետք է նկատի ունենալ, որ որքան
էլ բանակցությունները հայտարարվում են երկկողմ, վերջիններիս շահառուները բազմաթիվ են,
և դրանց ազդեցությունն օբյեկտիվորեն հնարավոր էլ չէ լիովին չեզոքացնել: Այլ հարց է,
որ պետք է բալանսավորել այդ հետաքրրքությունները, որպեսզի Հայաստանի ազգային շահը ոտնատակ
չգնա այդ հետաքրքրություններին»,- ասաց իրավագետը։
Խոսելով նաև ներքաղաքական իրավիճակի
մասին, ինչպես նաև այն մասին, որ ՀՅԴ-ական պատգամավորներ Արմեն Ռուստամյանն ու Իշխան
Սաղաթելյանը մեկնել են Մոսկվա և հանդիպում ունեցել ՌԴ Պետդումայի պատգամավորների հետ,
իրավագետը կարծում է, որ անթաքույց կերպով փորձ է
արվում ռուսական ազդեցությունը ուժեղացնել Հայաստանի քաղաքական գործընթացների
վրա, ընդ որում՝ խոսքը ոչ միայն հակաօրինական գործողությունների կատարման մասին է,
այլև 2026 թվականի ընտրություններին ընդառաջ՝ նպատակն է ռուսական քաղաքական ազդեցության
շնորհիվ այստեղ քաղաքական գործոն մնալ։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան